Հայաստանում վերջին տարիներին նկատվում է բնակարանային խուզարկությունների թվի էական աճ, ինչը հարցեր է առաջացնում ոչ միայն քրեական արդարադատության արդյունավետության, այլև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի ընթացքում նախաքննական մարմինները դատարաններին ներկայացրել են ընդհանուր 28 451 միջնորդություն՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Դատարանները մերժել են դրանցից 3830-ը, մինչդեռ 22 084-ը բավարարվել են։
Առանձնապես ուշադրության է արժանի մարդկանց բնակարանային խուզարկությունների վիճակագրությունը։
Ուշադրություն՝ 2025 թվականին բնակարաններում խուզարկություն և առգրավում իրականացնելու նպատակով ներկայացվել է 10 394 միջնորդություն, որոնց մեծ մասը բավարարվել է, շատ փոքր տոկոսը՝ մերժվել։ Այսպիսով՝
• 8176 բնակարան խուզարկվել է,
• 1661-ի դեպքում դատարանը մերժել է։
Այս թվերը վկայում են այն մասին, որ դատարանները գերակշռող դեպքերում թույլատրում են բնակարանային խուզարկությունները, ինչը նշանակում է՝ հազարավոր քաղաքացիների անձնական տարածք ներխուժում է իրականացվում իրավական գործընթացների շրջանակում։
Համեմատության համար նշենք, որ՝
• 2024 թվականին ներկայացվել է շուրջ 7800 միջնորդություն, որոնցից 6275-ը բավարարվել են,
• 2023 թվականին՝ 9764 միջնորդություն, որոնցից 8168-ը բավարարվել են։
Այսպիսով, 2025 թվականին արձանագրվել է բնակարանային խուզարկությունների զգալի աճ՝ թե՛ ընդհանուր թվով, թե՛ դատարանների կողմից դրանց բավարարումների բարձր մակարդակով։
Բնակարանային խուզարկությունը հանդիսանում է քրեական դատավարության ամենախիստ միջամտություններից մեկը, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է անձի անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքին։
Թեև նման միջամտությունները կարող են լինել օրինական և անհրաժեշտ՝ հանցագործությունների բացահայտման նպատակով, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ դրանց կիրառումը դառնում է լայնածավալ և համակարգային։
Բնակարանային խուզարկությունների աճը Հայաստանում վկայում է քրեական հետապնդման գործիքների ակտիվ կիրառման մասին, սակայն միաժամանակ առաջացնում է լուրջ հարցեր անձնական կյանքի իրավունքի պաշտպանության տեսանկյունից։
Ասել է թե՝ զգուշացեք՝ քննչականը ձեր տուն կգա՝ խուզարկելու։ Միշտ եղեք զգոն, պատրաստ և, ամենակարևորը, հագնված։ Քանի որ եղել են նաև դեպքեր՝ օրինակ Գյումրիում, երբ գիշերազգեստով տիկնոջը տարել էին քննչական։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























