Armenian text to speach

ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է միլիարդների վնաս հասցնել Հայաստանին․«РИА Новости»-ին թվեր է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում երկրի արտաքին առևտրի գրեթե 40 տոկոսը կարող է հայտնվել ռիսկի տակ։ Այս մասին գրում է ռուսական պետական «РИА Новости»-ն՝ հղում անելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։

Ըստ հրապարակման՝ ԵԱՏՄ-ից հրաժարվելու պարագայում Երևանը կարող է կորցնել միության շրջանակում գործող առևտրային արտոնությունները, այդ թվում՝ անդամ երկրների համար սահմանված միասնական ցածր՝ 5 տոկոս մաքսատուրքերը, ինչպես նաև որոշ դեպքերում ապրանքների անտուրք ներմուծման հնարավորությունը։

Տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ երկրներ արտահանել է 3,2 միլիարդ դոլարի ապրանք, որի հիմնական մասը բաժին է ընկել ռուսական շուկային՝ 2,9 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ներմուծել է շուրջ 5 միլիարդ դոլարի ապրանք, որից 4,87 միլիարդ դոլարը՝ Ռուսաստանից։

Այսպիսով, Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կազմել է 8,2 միլիարդ դոլար, մինչդեռ մնացած աշխարհի հետ՝ 13,2 միլիարդ դոլար։ «РИА Новости»-ի հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 38,5 տոկոսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը մարտին ընդունել էր Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որն ապրիլին ստորագրել էր նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միաժամանակ լինել թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ մաքսային համակարգերում՝ անհնար է։

Ռուսական կողմը վերջին շրջանում բազմիցս քննադատել է Երևանի քայլերը։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, թե Արևմուտքը փորձում է Հայաստանը օգտագործել Ռուսաստանի դեմ՝ Եվրամիության անդամակցության խոստումներով։ Իսկ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը տանել «Ուկրաինայի ճանապարհով»՝ միաժամանակ պահպանելով ԵԱՏՄ անդամակցության տնտեսական առավելությունները։

Անի Վարդանյան




Լրահոս