Armenian text to speach

Արևմտյան մամուլը՝ ՀՀ ընտրությունների մասին․ «քվեարկություն՝ դեպի Եվրոպա, հեռացում Մոսկվայից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները լայն արձագանք են ստացել արևմտյան լրատվամիջոցներում, որոնք գործընթացը հիմնականում ներկայացնում են որպես երկրի արտաքին քաղաքական ուղու շրջադարձային փուլ։

Ըստ նախնական արդյունքների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 49.81 տոկոս ձայն՝ ապահովելով հաղթանակ, սակայն չհասնելով սահմանադրական մեծամասնության։

Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում Al Jazeera, Associated Press և Reuters, ընտրությունները գնահատում են ոչ միայն ներքաղաքական համատեքստում, այլև որպես Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման ցուցիչ։

«Եվրոպական ուղղություն» և արտաքին քաղաքական շեշտադրումներ

Միջազգային մամուլը առանձնացնում է, որ ընտրությունները դիտարկվում են որպես փորձ՝ ամրապնդելու Երևանի շարժումը դեպի Եվրամիություն և Արևմուտք՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից։

Նշվում է, որ Փաշինյանի քաղաքական օրակարգը ներառում է ԵՄ-ին մոտենալու գործընթացի ակտիվացում, ինչպես նաև հարաբերությունների վերանայում նախկին դաշնակից Մոսկվայի հետ։

ԵՄ և եվրոպական մի շարք առաջնորդներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ողջունել են ընտրությունների արդյունքները՝ դրանք գնահատելով որպես «եվրոպական ինտեգրման ուղղությամբ առաջընթաց»։

Ռուսաստան–Արևմուտք լարվածության համատեքստ

Արևմտյան վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է նաև Ռուսաստանի արձագանքը։ Մոսկվան, ըստ հրապարակումների, դժգոհ է Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորումից, հատկապես՝ տարածաշրջանային անվտանգության համակարգերից Երևանի հեռացումից։

Այս համատեքստում ընտրությունները ներկայացվում են որպես հերթական փուլ Հարավային Կովկասում ազդեցության համար մրցակցության խորացման մեջ։

Խաղաղության գործընթացի կարևորություն

Արևմտյան հրապարակումներում առանձնահատուկ շեշտադրվում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, որը դիտվում է որպես ընտրությունների քաղաքական կարևոր ենթատեքստերից մեկը։

Փաշինյանի կառավարությունը շարունակում է ընդգծել խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով։

Արևմտյան մամուլի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի ընտրությունները ոչ միայն իշխանության վերարտադրություն են, այլ նաև՝երկրի արտաքին քաղաքական ուղու հաստատում՝ դեպի Արևմուտք ինտեգրման խորացում և Ռուսաստանի ազդեցության նվազում։

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս