Տավուշի մարզի Այգեպար գյուղն այս պահին հանգիստ վիճակում է, բայց ոչ ոք չի կարող հստակ ասել, թե այդ հանգստությունը քանի րոպե կարող է տևել:
Այսօր առավոտյան ևս գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակահերթ է բաց թողնվել:
Armlur.am-ի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ իրենք չգիտեն` ինչ է նշանակում հրադադար կամ հանգիստ:
«Կրակում են տարբեր պահի, տարբեր ուղղությամբ. առավոտ, իրիկուն, մարդկանց և կենդանիների ուղղությամբ»,- ասաց գյուղապետը:
Վերջինիս խոսքով` այսօրվա կրակոցից գյուղն առայժմ վնաս չի կրել: Բայց, գյուղապետի գնահատմամբ, երբեք չես կարող իմանալ, թե կրակոցի հաջորդ ձայնը երբ կլսեն և ինչ հետևանքներ այն կունենա:
Այգեպարցիների համար կրակոցները սովորական և բնական երևույթ են դարձել:
Տաթև Հարությունյան