«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Շենգավիթ վարչական շրջանում փակ հանդիպում է տեղի ունեցել այն ընտանիքների հետ, որոնց տները Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր քանդել։ Հանդիպմանը ներկա են եղել նաև քաղաքապետարանի և սոցիալական ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում բնակիչներին փոխանցվել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է նրանց մի քանի օր ժամանակ տրամադրել՝ բնակարանային և աշխատանքի հարցերը լուծելու համար։
Մասնավորապես, սոցիալական ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները պետք է մինչև երկուշաբթի փորձեն բնակարանային տարբերակներ գտնել ընտանիքների համար և նրանց ներկայացնել հնարավոր տեղափոխության պայմանները։ Քաղաքապետարանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու կանանց աշխատանքի տեղավորման հարցում՝ Երևանի բժշկական կազմակերպություններից մեկում։
Սակայն այս ամենը, ըստ մեր աղբյուրների, ունի հստակ նախապայմաններ։
Բնակիչներին փոխանցվել է, որ այս ընթացքում տարածքում այլևս որևէ նոր գործունեություն չպետք է իրականացվի, այդ թվում՝ շինանյութ չպետք է թափվի։ Պայմանավորվածությունների խախտման դեպքում քաղաքապետարանը չի պատրաստվում նոր ժամկետներ տրամադրել և կարող է անցնել տների քանդման աշխատանքներին։
Այսինքն՝ քաղաքապետարանի կողմից տների քանդման որոշումը չի չեղարկվել, այլ ընդամենը ժամանակավորապես հետաձգվել է՝ ընտանիքներին աշխատանքով և կացարանով ապահովելու հնարավորություն ստեղծելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև երկուշաբթի պետք է համապատասխան կառույցները վերջնական պատասխան ունենան՝ արդյոք հնարավոր է ընտանիքներին ապահովել բնակության վայրով և աշխատանքով։ Դրանից հետո քաղաքապետարանը կվերադառնա տների ապամոնտաժման հարցին։
Փաստորեն, Շենգավիթի բնակիչներին տրվել է մի քանի օր՝ իրենց հետագա բնակության և աշխատանքի հարցերը կարգավորելու համար։ Իսկ եթե պայմանավորվածությունները չկատարվեն, քաղաքապետարանը պատրաստվում է անցնել ավելի կոշտ գործողությունների։
Հիշեցնենք, որ Շենգավիթում տների քանդման գործընթացը վերջին օրերին լարված իրավիճակ էր ստեղծել։ Բնակիչները դիմադրում էին քաղաքապետարանի գործողություններին՝ պնդելով, որ իրենց համար այլընտրանքային բնակարանային և սոցիալական լուծումներ չեն առաջարկվել։
Սոնա Գրիգորյան
























































































