Նոյեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակցի կողմից հերթական ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը ժամը 07:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ռաֆայել Ա.-ն ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում։
Լուսանկարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանն է, ով իր հիմնական աշխատանքը թողած հրահանգներ է տալիս, որպեսզի Հայաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հանրությունը չիմանա, քանի որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը բավականին խիստ և կոպիտ զրույց են ունեցել նրա հետ՝ օր օրի աճող ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















































































