Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ երկրի զինված ուժերի նախկին զինծառայողներին կոչ է արել պատրաստ լինել հնարավոր զորակոչի և առաջարկել մասնակցել ռազմական զորավարժությունների։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ ռազմավարական պահեստազորի ավելի քան 100 հազար զինծառայողներ նամակներ են ստացել՝ հաջորդ գարնանը ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժություններից մեկին՝ Steadfast Defender-ին, կամավոր մասնակցելու առաջարկով։
Նամակներն ուղարկվել են պահեստազորի այն զինծառայողներին, որոնք վերջերս են զորացրվել և արտակարգ իրավիճակներում ենթակա են զորակոչի։ Նրանցից նաև խնդրել են թարմացնել իրենց կոնտակտային տվյալները և տեղեկություններ տրամադրել ներկայիս աշխատանքի ու մասնագիտական հմտությունների մասին։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նամակների ուղարկումը որակել է որպես «պատրաստվածության և զսպման ամրապնդման գործնական քայլ»։
Նշենք, որ հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլի Ուոքերը նախազգուշացրել էր, որ բրիտանացի զինվորականները կարող են առաջիկայում ստիպված լինել մասնակցել ռազմական գործողությունների, իսկ երկրի քաղաքացիները պետք է պատրաստ լինեն զոհողությունների՝ պաշտպանության և անվտանգության ապահովման համար։
Անի Վարդանյան
























































































