2012 ԹՎԱԿԱՆԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի «էլիտար» խավը մտածում է, թե այս տարի որ երկրում է դիմավորելու Նոր տարին կամ էլ ինչ էկզոտիկ եւ թանկ խորտիկներ է դնելու իր ամանորյա սեղանին, կան մարդիկ, որոնք, առօրյա հոգսերի մեջ ընկած, չեն էլ հիշում, որ ընդամենը մի քանի օրից Ամանոր է: Կամ էլ եթե անգամ հիշում են, հնարավորություն չունեն Նոր տարին տոնելու համար: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է այն մարդանց, որոնք, «ճարները» կտրած, սպասում են, որ այս տարի իրենց խնդիրներն ի վերջո լուծում կստանան:
ՀՀ քաղաքացի, ԲՀԿ-ական Նորիկ Հովհաննիսյանը շուրջ 15 տարի է` տուն չունի, ապրել է «դոմիկում»: Իսկ քանի որ այն փայտյա էր, եւ այլեւս հնարավոր չէր այնտեղ ապրել, տեղափոխվել է  հանրակացարան: Մի սենյակի մեջ ապրում են ինքն ու իր տիկինը` Ռայան: Վերջիններս «Ժողովուրդ»-ին պատմել էին, որ իրենք ԲՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ «թուք ու մուր» են կերել` աշխատելով կուսակցության օգտին,  սակայն այսօր նրանց անգամ չեն հիշում:
 ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, մեր թերթի միջոցով տեղեկանալով այն մասին, որ իր կուսակիցն անտուն է, խոստացել է բնակարան նվիրել Նորիկին եւ իր կնոջը: Այս ընտանիքը հույս ունի, որ Նոր տարին այդ բնակարանում կդիմավորի եւ նստած օրերն է  հաշվում, թե երբ է Գագիկ Ծառուկյանի խոստումն իրականանալու:
Սպասումներով եւ ակնկալիքներով է ապրում նաեւ Էլմիրա Առաքելյանը, որի որդին` Գաբրիելը, ԼՂՀ Ասկերանի զորամասում է ծառայել եւ սահմանի վրա սպանվել իր զինակից ընկերոջ կրակոցից` իբր թե գաղտնաբառը չիմանալու պատճառով: Տիկին Էլմիրան համոզված է, որ իր որդուն ԼՂՀ պաշտպանության բանակի ղեկավար Մոսի Հակոբյանն է սպանել: Իր մինուճար որդուն կորցրած կինն այժմ մենակ է ապրում եւ հույս ունի, որ կկարողանա ապացուցել, որ որդուն սպանել են: Վերջինս սպասում է արդար դատավարության:
Շատ են տիկին Էլմիրայի «բախտակիցները», որոնք իրենց առողջ զավակին ուղարկել են հայոց բանակ, սակայն այնտեղից ստացել նրա դիակը, իսկ այժմ էլ սպասում են, որ կբացահայտվի, թե իրականում ինչ է կատարվել, եւ ովքեր են իրենց զավակների մահվան մեջ մեղավոր: Արդար դատավարության են սպասում նաեւ սեպտեմբերի 5-ին Երեւանի Ավան վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության հոսպիտալում բուժքրոջ սխալ ներարկման պատճառով մահացած 4 տարեկան Վալերի Սեյրանյանի հարազատները:
Երեւանի նախկին «դրայվոտ» քաղաքապետ Կարեն Կարապետյանի «հերոսական» քայլից տուժած կրպակատերերն էլ սպասում են, որ նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կխղճա իրենց ընտանիքներին եւ չի զրկի հաց վաստակելու հնարավորությունից:
Իսկ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանի հարազատները սպասում են, թե նա երբ գիտակցության կգա:  Սաթենիկն «Էրեբունի» բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատության էր գնացել, որից հետո  «նարկոզից» դուրս էր եկել եւ ընկել ցնցման մեջ: Արդեն մի քանի ամիս է` աղջիկը գիտակցության չի գալիս:
Մարդկանց խնդիրները շատ են, ակնկալիքները` մեծ: Բոլորը, իրենց հոգսերով  պարփակված, ապրում են եւ սպասում, որ օրերից մի օր երկրի իշխանությունն  անհանգստանալու է նաեւ իրենց համար:  

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս