«Մեր դպրոցներում քաղաքացիական կրթության հիմքերը պետք է ճիշտ դրվեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական բժշկական համալսարանի  «Հերացի» ավագ դպրոցում այսօր՝ մայիսի 13-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական կրթության բացատրական բառարանի» շնորհանդեսը, որին մասնակցել են  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /GTZ/ Հարավային Կովկասում իրավական  եւ դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, բառարանի հեղինակները, ինչպես նաեւ կրթության ոլորտի պատասխանատուներ:

Շնորհակալություն հայտնելով գերմանական ընկերությանը` բառարանը հանրապետության դպրոցներին նվիրաբերելու համար, նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ թեեւ գիրքը նախատեսված է աշակերտների համար, սակայն չէր խանգարի, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները եւս այն ընթերցեն` հասկանալու, թե  ինչպես են ձեւակերպվում համամարդկային արժեքները եւ ինչ մեթոդներով են դրանք ժողովրդավարական հասարակություններում պաշտպանվում:

«Մեր ապագան հայրենասեր քաղաքացիների մեջ է, որտեղ եւ հայրենասեր բառն է շատ կարեւոր, եւ քաղաքացի հասկացության լիարժեք ընկալումը: Ցավոք, որոշակի նորաձեւությանը տուրք տալով` այսօր քաղաքացիական, քաղաքացի,  հասարակական եզրույթները բավականին լայն կիրառում են գտնում, պատեհ եւ անպատեհ առիթներով օգտագործվում: Եթե օգտագործում ես մի գաղափար, որին լիարժեք չես տիրապետում, ապա դա այն վարկաբեկելու  ամենակարճ եւ հստակ ճանապարհն է:

Մենք ուզում ենք, որ մեր դպրոցներում քաղաքացիական կրթության հիմքերը դրվեն ճիշտ, դպրոցը դաստիարակի քաղաքացիներ, ովքեր իրենց ազատությունների եւ իրավունքների ողջ փունջը ծառայեցնեն իրենց ընտանիքների, հասարակության, իրենց հայրենիքի կայացման գործում: Ցավոք, այսօր մեր հասարակությունում  քաղաքացիական ազատությունների ընկալումը խեղված է: Ազատության արժեքը դրսեւորվում է բացառապես այն մարդկանց շնորհիվ, ովքեր այդ արժեքներով ապրում եւ արարում են»,-նշել է նախարարը` հավաստիացնելով, որ գրքերը կհասնեն բոլոր այն աշակերտներին, ովքեր հետաքրքրված են իրենց իրավունքներով եւ ազատություններով:

Աշոտյանն ընդգծել է, որ վերոնշյալ միջոցառումը սկիզբն է համատեղ գործունեության, քանի որ մարդու իրավունքների կրթության հայեցակարգի շրջանակում առկա են նոր նախաձեռնություններ, որոնք «նպաստելու են մատաղ սերնդի մոտ քաղաքացիական մտածելակերպի լիարժեք ձեւավորմանը»:

Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` ակտիվ համագործակցության համար, համոզմունք է հայտնել, որ բառարանը լինելու է աշակերտների սեղանի գիրքը:




Լրահոս