ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր մասնակցում էր ՀՀԿ նիստին, որտեղ քննարկվում է կառավարության առաջիկա ծրագիրը: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ կառավարության առաջիկա ծրագիրը նախորդից ինչ-որ չափով տարբերվելու է. «Լինելու է ավելի իրատեսական ու իրականանալի ծրագիր: Հիմա այն քննարկման փուլում է: Շուտով դուք էլ կծանոթանաք»:
-Այսինքն` կառավարության նախորդ ծրագիրն այդքան էլ իրատեսական չէ:
-Հարցեր կան, որոնք փոփոխվել են: Օրինակ տնտեսական աճը կառավարության նոր ծրագրով կլինի 5 տոկոս, որը ռեալ է և դրա իրականացումը կարող է հեշտ լինել, քան ասենք 7 կամ 10 տոկոս տնտեսական աճը:
-Ավելի շատ ո՞ր ոլորտների վրա է ուշադրություն դարձվել:
-Սոցիալական ոլորտների: Մեր պետության մեջ բոլորը հակված են իրականացնելու սոցիալական ծրագրեր:
-Ի՞նչ եք կարծում` «քառյակին» կբավարարի՞ կառավարության առաջիկա ծրագիրը:
-«Քառյակը» ոչ մի բանով էլ չի բավարարվի: Բացի այդ` «քառյակը» միասնական չէ, նրա մեջ մտնող ուժերը տարբեր ձևով են հարցերին նայում: Կան կուսակցություններ, որ առաջնորդվում են ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով, կան կուսակցություններ, որոնք ընդունում են տարբեր բարենորոգումներ: Ընդդիմադիրները միշտ էլ դժգոհ են լինում:
Սոնա Դավթյան