Ազգային ժողովում այսօր պատգամավորները հարցեր էին ուղղում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ հարց տալն ասաց, որ ԿԲ-ում աշխատավարձերը բարձր են, ապա հետաքրքրվեց, թե Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ ԿԲ-ի աշխատակիցներն ինչեր են զեկուցել:
Ջավադյանը նախ պատասխանեց, որ բանկային համակարգում կա կտրուկ աճի միտում, սակայն դա չի նշանակում, որ աշխատավարձերը շատ բարձր են: Փաշինյանն էլ հիշեցրեց, որ իրեն հետաքրքիր էր, թե արդյոք Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելուց հետո պարտադիր բաղադրիչը պիտի մնա, թե՝ ոչ:
«ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ պարտավոր են ՍԴ որոշմանը հետևել»,-ասաց Ջավադյանը, ապա հավելեց, որ այս օրենքում կան բացեր, որոնց ուշադրություն է դարձրել Սահմանադրական դատարանը:
«Այստեղ խոսքը պարտադիր բաղադրիչի վերացման մասին չէր, այլ՝ վերանայման: Օրենքի վրա աշխատել են ինչպես ԿԲ-ի, այնպես էլ՝ Հայաստանի այլ ու արտերկրի լավագույն մասնագետները: Օրենքի վերջնական դիզայնը կհամապատասխանի ՍԴ-ի որոշմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ պարտադիր բաղադրիչը լինելու է:
Փաշինյանն էլ հակադարձեց, որ իր համար պարզ է՝ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը ոչ թե բովանդակային փոփոխության է ենթարկվելու, այլ նոր դիզայն է ստանալու: «Կառավարությունն ու ԿԲ-ն, ինչ պլանավորում են, ընդամենը «ծյունինգ» անելն է. Կուտակայինի մասին օրենքն այնքան է, որ բերվի օրենսդրական դաշտ, որ դառնա, օրինակ, պարտադիր սոցապվճար»,- նկատեց նա:
Ջավադյանն էլ հստակեցրեց՝ դիզայնի փոփոխություն ասելով՝ նկատի ունի, որ օրենքի փոփոխությունը համապատասխանեցվելու է ՍԴ-ի ներկայացրած պահանջներին: