Այսօր ժամը 14:30-ի սահմաններում «armlur.am»-ի լրագրողները «Մոսկվիչկա» սուպերմարկետից գնել են սննդամթերք՝ կոնկրետ բրնձով փլավ, որի մեջ եղել է ապակու կտոր: Կտրոնը, փլավի տարան և ապակին վերցրած մեր աշխատակիցները ժամը 16:00-ի սահմաններում գնացել են սուպերմարպետ՝ պարզելու, թե ինչու են վաճառում սննդամթերք, որտեղ առկա են մարդու առողջության համար վտանագավոր «բաղադրիչներ»:
Բնականաբար, վաճառողների, տնօրենի եւ մյուս աշխատակիցների հետ ողջ զրույցը լրագրողները ձայնագրել են՝ հետագայում ապացուցողական բազա ունենալու համար: Տնօրինությունը ընդունել է, որ հնարավոր է նման բան եղած լինի, ինչի համար ներողություն է խնդրել: Ու երբ լրագրողները ցանկացել են դուրս գալ սուպերմարկետից, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել՝ ասելով, թե իրավունք չունեք նկարահանում կատարել սուպերմարկետի տարածքում, «ջնջեք, նոր դուրս եկեք, եթե ոչ չշարժվեք, սպասեք»:
Այդ ընթացքում կրկին «armlur.am»-ի լրագրողներին է մոտեցել սուպերմարկետի տնօրենը եւ նեղսրտել, թե ինչու եք ձայնագրել, «դա իմ իրավունքների ոտնահարում է: Մինչեւ չջնջեք, այստեղից դուրս չեք գալու: Ես հենց հիմա կկանչեմ իմ իրավաբանին»: «armlur.am»-ի լրագրողները հրաժարվել են ջնջել ձայնագրությունները եւ սպասել են՝ մինչեւ իրավաբանը գա: Նրանց ուղեկցել են նկուղային հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակ, որտեղ սկսել են ելումուտ անել բազմաթիվ տղաներ՝ արտաքնապես թիկնապահի նմանությամբ:
Այդ ընթացքում մեր աշխատակիցները 2 անգամ զանգահարեցին խմբագրություն և հայտնեցին, որ իրենց արգելում են դուրս գալ սուպերմարկետի տարածքից՝ պարտադրելով ջնջել ձայնագրությունը: 25 րոպե անց «armlur.am»-ը ստիպված եղավ երկրորդ նկարահանան խմբին ուղարկել սուպերմարկետ՝ լրագրողներին նկուղից դուրս բերելու համար: Լրագրողները բարեհաջող վերադարձան խմբագրություն. նրանց նկատմամբ բռնություն չէր գործադրվել:
Շատ չանցած «Մոսկվիչկայի» տնօրինությունը եկավ «armlur.am»-ի խմբագրություն, պարզաբանվեց կատարվածը, բացատրեցին, որ միտում չեն ունեցել լրագրողների աշխատանքը խոչընդոտելու: Ավելին՝ ամենաբարձր մակարդակով սուպերմարկետի տնօրինությունը ներողություն խնդրեց թիկնապահների և աշխատակիցների ոչ կոռեկտ պահվածքի համար: «armlur.am»-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը որոշեց քրիստոնեաբար ներել նրանց՝ միաժամանակ հայտնելով, որ լրագրողների նկատմամբ ոչ կոռեկտ վերաբերմունքը մշտապես դատապարտելի է:
Ի դեպ, մեր լրագրողները այդպես էլ չեն ջնջել ձայնագրությունը:
«armlur.am»-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն
28.05.2014