«Քառյակի» թիրախում պետք է լինեն Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-n, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն օրերս ներկայացրին իշխանությանն ուղղված 12 պահանջները և ժամանակ տվեցին մինչև սեպտեմբերի վերջ` առկա խնդիրները վերացնելու համար: 

Armlur.am-ի  հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ասաց, որ «քառյակի» ներկայացրած պահանջներն ընդունելի են  իշխանության համար, բայց չեն համապատասխանում քաղաքական ներկա իրավիճակին:

«Քառյակի» ներկայացրած պահանջները քաղաքական օրակարգ չի կարելի համարել»,- կարծում է Մակեյանը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարի խոսքով` «քառյակի» ներկայացրած 12 կետերը, իհարկե,  հուզում են մեր  քաղաքացիներին, բայց պետք է խոսել ոչ թե հետևանքների, այլ` պատճառի մասին:

Մակեյանի խոսքով` այն խնդիրները, որոնք ներկայացրել  է «քառյակը», առաջացել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին, հետևաբար, քառյակի թիրախում պետք է լինեին այդ երկու անձինք:

Իշխանությունը, թեև հայտարարել է, որ «քառյակի» պահանջերն ընդունելի են իր համար, բայց Մակեյանը կարծում է, որ այդ պահանջները կյանքի կոչելու համար քայլեր չեն ձեռնարկվի:

«Իշխանությունը հիմա նոր գործելաոճ է որդեգրել. նա իրեն ընդդիմությունից ավելի խիստ է քննադատում:  Իշխող կուսակցությունը կանի այն, ինչ միշտ է արել` իմիտացիա»,-վստահ է Մակեյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս