ԶՐՊԱՐՏՈ՞ՒՄ ԵՆ
Գյումրու նախկին բնակիչ Ռուզան Ադանալյանը 2008թ.-ից դատական վիճաբանությունների մեջ է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանի հետ: Ինչպես «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Ադանալյանը, նա փող է վերցրել Լ. Գինոսյանից, իսկ հետագայում նրանց միջեւ անհամաձայնություն է ծագել գումարի մարման հարցում: Ադանալյանը Գինոսյանին մեղադրում է պաշտոնական դիրքի չարաշահման, պետական գրասենյակից ֆինանսական գործարքներ իրականացնելու մեջ: Քաղաքացին դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, որտեղից նրան գրություն են ուղարկել՝ առաջարկելով դիմել Շիրակի մարզպետարանի էթիկայի հանձնաժողով, որպեսզի պարզեն՝ արդյոք պետական ծառայողը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին: Մեզ հետ զրույցում, սակայն, Լ. Գինոսյանը հերքեց իր հասցեին հնչող մեղադրանքները: «Իմ բաժինը ֆինանսական որեւէ գործունեությամբ չի զբաղվում՝ ո՛չ աշխատանքային ժամերին, ո՛չ ընդմիջման: Ես ազատ քաղաքացի եմ եւ իմ տանը կարող եմ զբաղվել իմ նախընտրած օրինական գործով: Ռուզան Ադանալյանն ինձ զրպարտում է»,-հայտարարեց Գինոսյանը:
ՏՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ
Չնայած արտագաղթի ահագնացող տեմպերին եւ շինարարության ոլորտի շարունակվող անկմանը՝ ՀՀ-ում բնակարանների ու առանձնատների գները սկսել են աճել: Սա երեւում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ օրերս հրապարակած տվյալներից: Այսպես, Երեւանում 2013թ. հունվար-սեպտեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.2%-ով: Անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 2013թ. հունվար-սեպտեմբերին աճել են 4.5%-ով: Աճել են նաեւ բնակարանների ու տների նկատմամբ իրականացված գործարքների թվերը: 2013թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարման գործարքների քանակն աճել է 5.4%-ով, իսկ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքները՝ 6.3%-ով:
Ա. Շ.