Էրդողանի դեմ կոռուպցիոն սկանդալի գործով իրավապահները ձերբակալվել են․ «Ազատություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

52 ձերբակալված ոստիկան մեկ գիշերվա ընթացքում: Թուրքիայում այսօր լուսադեմին իրականացված լայնածավալ գործողության արդյունքում ճաղերի ետևում են հայտնվել այն բոլոր բարձրաստիճան ոստիկանները, որոնք անցած տարեվերջից սկսած հետաքննում էին վարչապետ Էրդողանի ընտանիքի անդամների և մերձավոր զինակիցների կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունները. գրում է azatutyun.am-ը:

Մի քանի ժամերի ընթացքում թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալեցին այն բոլոր մարդկանց, ովքեր ոչ միայն պնդում էին, թե վարչապետ Ռեջեփ Էրդողանի մերձավորագույն շրջապատը ներքաշված է կոռուպցիոն գործարքներում, այլև պարբերաբար փաստական ապացույցներ էին ներկայացնում հանրությանը` այդ թվում վարչապետի և մի շարք նախարարների գաղտնալսված հեռախոսազրույցներիտեսքով: Հենց այդ գաղտնալսված խոսակցություններն էլ դարձել են ոստիկանների ձերբակալության ֆորմալ պատճառը:

Ոստիկանական գործողությունների մեկնարկին զուգահեռ գրավոր հայտարարություն տարածեց Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն: «Ընդհանուր առմամբ ոստիկանության 76 սպաների ձերբակալության հրաման է արձակվել: Նրանք մեղադրվում են քրեական գործի հետաքննության ընթացքում փաստացի լրտեսությամբ զբաղվելու մեջ», – նշում էր դատախազը:

Հարկ է նկատել, որ այսօր քննչական մեկուսարաններում հայտնված ոստիկանները ոչ վաղ անցյալում Թուրքիայի իրավապահ համակարգի առանցքային դերակատարներն էին հանդիսանում:

Ձերբակալվածների թվում է Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի նախկին ղեկավար Օմեր Քյոսեն, ում ձերբակալեցին այն պահին, երբ նա բուժզննումից հետո լքում էր Ստամբուլի խոշորագույն բժշկական կենտրոններից մեկը: Ձերբակալվածների մեջ էր նաև Թուրքիայի վարչապետի որդու` Բիլալ Էրդողանի դեմ պաշտոնական հետաքննությունը նախաձեռնած ոստիկանը` Ստամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների բաժնի նախկին փոխտնօրեն Յասին Թոփչուն:

Հակաահաբեկչական ծառայության մեկ այլ նախկին ղեկավար` Յուրթ Աթայունը արեց ամեն ինչ, որպեսզի իր ձերբակալությունը չընկալվի որպես շարքային իրադարձություն: Այն պահին, երբ արդեն նախկին գործընկերները Աթայունին դուրս էին բերում իր բնակարանից` մեքենա նստեցնելու և ոստիկանական բաժանմունք տեղափոխելու համար, պաշտոնանկ իրավապահը հասցրեց մի քանի խոսք ասել ձերբակալությունը լուսաբանող լրագրողներին: «Տեսե’ք, ինձ ձեռնաշղթաներ են հագցրել: Մենք հոժարակամ հանձնում ենք մեր ճակատագիրն իրավապահ համակարգի ձեռքը, իսկ նրանք մեզ ձեռնաշղթա են հագցնում: Սա միանշանակորեն քաղաքական գործ է», – ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս