ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունը ոչ ճիշտ քաղաքականություն է որդեգրել երկրի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների նկատմամբ. օրենքում մի բան գրում են` ցույց տալու, թե իշխանությունը որքան ուշադիր է այդ խավի նկատմամբ, բայց հակառակն անում` ապացուցելով, թե որքան մեծ է մարդկանց դժբախտության վրա փող աշխատելու պաշտոնյաների ախորժակը: Եթե նույնիսկ օգնություն է տրվում որեւէ ընտանիքի, ապա չի հասկացվում, թե ինչ սկզբունքով է դա արվում: Ուստի պատահական չէ այն կարիքավոր ընտանիքների դժգոհությունը, որոնք բողոքում են, որ իրենց սոցիալական աջակցություն չի հասնում, փոխարենը հատկացվում է այն ընտանիքներին, որոնք դրանց կարիքը չունեն:
Նշենք, որ խոսքը ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. թիվ 255 հրամանով 10-100 հազ. դրամ գումարի հատկացման մասին է: Նախորդ տարի` նշյալ թեմայով մի քննարկման ժամանակ, ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության սոցիալական վերլուծության բաժնի պետ Լյուդմիլա Ղահրամանյանը նշել էր, որ նմանօրինակ ընտանիքները նախարարի հետ հանդիպման ժամանակ ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա որոշվում է հատկացման չափը: «Դա նախարարի որոշմամբ է լինում, թե որ ընտանիքին կենցաղային ծախսերի համար որքան պետք է հատկացվի… 1994-ից նշված անձանց կարիքավոր ընտանիքներին տարեկան մեկ անգամ հատկացվող 10 հազար դրամի չափը չի բարձրանում»,-ընդգծել էր ՊՆ ներկայացուցիչը: Այլ կերպ ասած` ՊՆ-ն սուբյեկտիվ որոշումներով է սոցիալական աջակցություն տրամադրում:
Նշենք, որ պաշտպանության նախարարի վերոնշյալ հրամանի համաձայն` զոհված, ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողների եւ անհետ կորածների անապահով ընտանիքներին տարեկան մեկ անգամ հատկացվում է 10-հազարական դրամ: Նույն հրամանով նշված ընտանիքների անդամներից մեկի մահվան կամ հարսանիքի դեպքում նախարարությունը հատկացնում է 100 հազար դրամ: Սակայն ոչ բոլոր ընտանիքներն են դիմում` ստանալու իրենց հասանելիքը կամ դիմում են, բայց չեն ստանում: Ի դեպ, 2003-ին, երբ նշյալ կարգավիճակի ընտանիքները հավաքվել էին կառավարության շենքի մոտ` իրենց  սոցիալական վիճակը բարելավելու պահանջներով, գործադիր իշխանությունը մի ծիծաղելի, խայտառակ որոշում էր կայացրել, ըստ որի` ազատամարտիկների ընտանիքների յուրաքանչյուր անդամ ամսական 1000-ական դրամ պետք է ստանար: Բողոքավորներն այդ գումարի չափն այնքան «վիրավորական» էին համարել, որ  որոշել էին այն բյուջեին թողնել:
ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը նախատեսում է պետության եւ համայնքների սեփականության հողամասերի` սեփականության իրավունքով անհատույց տրամադրման 2 բացառիկ նպատակները` գյուղատնտեսական գործունեության եւ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար: Նույն հոդվածի 4-րդ կետը նախատեսում է, որ նման նպատակներով հող տրամադրվում է «հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող, զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված անձանց, չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամաս»: Իսկ եթե տվյալ համայնքում հողեր չկան, ապա կառավարությունն իր սահմանած ցանկից ինքն է գնում եւ անհատույց կարգով տրամադրում տվյալ անապահով ընտանիքին: Բայց շատ դեպքերում այդ օրենքը եւս շրջանցվում կամ անտեսվում է:
 Օրինակ` Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ համայնքները կապող Տիչինայի փողոցին հարող համայնքային նշանակության հողերը, որոնց մի մասը դեռ 1994-95թթ-ից տրվել էր զոհված ազատամարտիկների ընտանիքներին` գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար, ուղղակի խլեցին: Մարդիկ 10 տարուց ավելի այդ հողերը  բարեխղճորեն օգտագործելուց հետո, երբ փորձեցին վերոնշյալ օրենքով վերապահված իրենց իրավունքից օգտվել, քաղաքապետարանը մերժեց, իսկ ՄԻ նախկին պաշտպանը ձեռնպահ մնաց որեւէ քայլ անելուց: Արդյունքում` տվյալ հողատարածքում արդեն էլիտար շինարարության են նախապատրաստվում, իսկ ազատամարտիկների ընտանիքներին մի ամայի, քարքարոտ տարածքում առաջարկում են 500 քմ հող` այն էլ կադաստրային արժեքով: Մինչդեռ պետությունը, պաշտպանության նախարարությունը պետք է սոցիալական նպատակային քաղաքականություն վարեն, ցույց տան, թե ում ինչի համար են օգնություն տրամադրում: Եթե միանվագ օգնություն է, ուրեմն դա պետք է բոլորին հասնի, իսկ  եթե գումարներ են, ապա դրանք պետք է համապատասխան ձեւով արձանագրվեն: Եթե հասարակական կազմակերպություն է ստացողը, ապա  այն պետք է հասարակությանը հաշվետու լինի եւ ցույց տա, թե ինչ է արել այդ գումարը: Թե չէ` հանկարծ տեսնում ես ՀԿ-ի ղեկավարը, նման շահառուների իրավունքները շահարկելով, որոշ ժամանակ հետո մի բիզնես է դնում, իսկ իսկական ազատամարտիկի ընտանիքին պետությունից որպես «արտոնություն» մնում է միայն չեղած տրամվայի անվճար երթեւեկության տոմսը:      

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս