Պաշտոնական Բաքուն գլուխը կորցրել է նավթադոլարներից. ՍԴՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացրել է իր դիվերսիոն-ահաբեկչական գործողությունները Հայաստանի եւ Արցախի Զինված ուժերի հետ շփման գոտում: Այդ մասին ասվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարության մեջ:

«Ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների հետեւանքով տասնյակ մարդիկ զրկվում են իրենց կյանքից՝ ընդ որում, հիմնականում հենց իրենց բանակից: Պաշտոնական Բաքուն, թերեւս, գլուխը կորցրել է նավթադոլարներից եւ մտածում է, որ առանց պատժվելու կարող է շարունակել իր ահաբեկչական գործողությունները, սակայն, վստահ ենք, որ այսուհետ եւս ստանալու է արժանի դիմադրություն Հայաստանի եւ Արցախի բանակների կողմից:

Ելնելով շփման գոտում առկա լարվածությունից, ինչպես նաեւ այն փաստից, որ միջազգային հանրությունն ուղղակի աչք է փակում Ադրբեջանի վայրագ գործողությունների վրա՝ Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է.

Շփման գծում ցանկացած զինվորականի եւ խաղաղ քաղաքացիական բնակչի արյունը եւ ողջ քաղաքական պատասխանատվությունը ծանրանում է պաշտոնական Բաքվի եւ միջազգային հանրության մանդատը ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների վրա:

Կուսակցությունը կոչ է անում Հայաստանի ռազմավարական գործընկերներին՝ ի մասնավորի Ռուսաստանի Դաշնությանը, Բաքվի արկածախնդրությանը տալ համապատասխան գնահատական՝ հաշվի առնելով վերջինիս ստանձնած պարտականությունները երկկողմ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Բացի այդ, եթե Ադրբեջանը շարունակի ահաբեկչական գործողությունները, Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պահանջելու է Հայաստանի իշխանություններից պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու համապատասխան կոչով դիմել բոլոր բարեկամ երկրներին:

Կուսակցությունը նաեւ խոնարհվում է Հայրենիքի պաշտպանության ճանապարհին ընկած մեր բոլոր նահատակների հիշատակի առջեւ եւ սգում ծանր կորուստը»,- ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս