30-ՎԱՅՐԿՅԱՆԱՆՈՑ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքն անցավ տարօրինակ պայմաններում. Ազատության հրապարակի գրեթե կեսը գրավել էր Անդրեա Բոչելլիի մենահամերգի կապակցությամբ կառուցված հսկայական բեմը: Կոնգրեսի ներկայացուցիչները ելույթ ունեցան այդ հսկայական բեմի մոտ կառուցված նոր հարթակից:
Սակայն սա երեկվա հանրահավաքի միակ խոչընդոտը չէր. թեեւ հանրահավաքի մասին իրազեկումը Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն, երեկ հրաժարվել էին նրանց ապահովել էլեկտրաէներգիայով: Արդյունքում` տեխնիկական խնդիրների պատճառով հանրահավաքը մեկնարկեց մոտ կես ժամ ուշացումով: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այս ամենը որակեց որպես խոչընդոտ եւ անհավասար պայմաններ ընտրություններին մասնակից ուժերի համար: Սակայն, ըստ ՀՀՇ վարչության նախագահի, որքան իշխանությունները խոչընդոտեն, ժողովրդին ահաբեկեն, դա հակառակ էֆեկտն է ունենալու:
Երեկ ուշագրավ էր ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթը. նա հարթակ բարձրացավ տարբեր տարիքի մի խումբ սպիտակազգեստ երիտասարդների հետ, որոնք ողջ ելույթի ժամանակ կանգնել էին նրա կողքին: Երիտասարդների վերնաշապիկների վրա գրված էր «30 վայրկյան»: «Մայիսի 6-ին՝ ընտրությունների օրը, մտե՛ք ընտրական տեղամաս, ժպտացե՛ք Սերժիկի ժպիտով, ՀՀԿ-ի հայա՛ցք ընդունեք, բայց հենց վերցրեցիք քվեաթերթիկը, կսկսվի ձեր 30-վայրկյանանոց հեղափոխությունը. վերցրիք քվեաթերթիկը, մտաք քվեախցիկ, քվեարկեցիք ՀԱԿ-ի օգտին, քվեաթերթիկը նետեցիք քվեատուփ։ Վե՜րջ, կայացա՜վ, հաղթանակե՜ց ձեր բաժին հեղափոխությունը: 30 վայրկյան, եւ դուք ձեր գաղթած ազգականների համար վերադարձի ճանապարհ կբացեք, մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի զոհերի համար արդարության, արդարադատության դուռ կբացեք, դուք ապագա կկերտեք ձեր երեխաների համար եւ հույս կներշնչեք հուսահատվածներին, ու որ կարեւորն է՝ ոչ ոք չի իմանա, որ դուք եք այդ 30 վայրկյանի ընթացքում ցաքուցրիվ արել լֆիկասերժիկական վարչախումբը»,-մեկնաբանելով «30 վայրկյան»-ի իմաստը` նա ասաց, որ Կոնգրեսի հեղափոխությունը կայանալու է հենց վայրկյանների ընթացքում: Նիկոլի ելույթը պարբերաբար ընդմիջվում էր ծափերով ու բացականչություններով:
Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ ընտրությունները որակեց որպես նախագահականի առանձին փուլ: Ըստ նրա` դա է վկայում այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ քարոզարշավն անում է միայնակ: Ջհանգիրյանի խոսքերով` իշխանությունները ոչ մի խոստում չեն կատարել, այլապես կթմբկահարեին այդ մասին, այլ ոչ թե կխնդրեին իրենց հավատալ: «Հակահանրապետական դաշինքի հաղթանակի դեպքում կարող ենք խորհրդարանում իմպիչմենթի գործընթաց սկսել»,-նշեց նա: Հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանն էլ նշեց, որ ՀՀԿ-ն թույլ է, բզկտված ու հոգնած: Ըստ նրա՝ Կոնգրեսի՝ «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը վաղուց ի վեր դադարել է միայն ՀԱԿ կարգախոսը լինելուց, այլ  դարձել է ողջ քաղաքական դաշտինը:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ խոսեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասին՝ նրան անվանելով «երիտօլիգարխ»: «Նա, ըստ էության, մնացել է ռեժիմի վերջին քարոզչական զենքը, եթե կուզեք` վերջին հույսը: Այդ մարդը երբեք հրապարակային ելույթներ չի ունենում, հրապարակային քաղաքականությամբ չի զբաղվում, նրա մասին համարյա ոչ մի բան չի ասվում ու չի գրվում: Բայց այդ երիտօլիգարը միգուցե շատ ավելի վտանգավոր է, քան բոլոր վերը թվարկված  օլիգարխները: Ռեժիմի պահպանման նպատակով նա ստեղծել է մի ամբողջ ստի կայսրություն, որի նպատակն է մենաշնորհել տեղեկատվական դաշտը Հայաստանում, ձեւավորել հասարակական կարծիքը մանիպուլացնելու տոտալիտար մի համակարգ»,-ասաց նա: Ըստ Զուրաբյանի՝ «Գեբելսյան համակարգը մենք աշխատեցնելու ենք իրենց իսկ դեմ եւ ապահովելու ենք 30 վայրկյանների հեղափոխություն: Եւ ուրեմն՝ երկու շաբաթ հակագեբելսյան աշխատանք եւ՝ հաղթանակ»։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ անդրադարձավ այս իշխանությունների չիրականացրած խոստումներին: «Այսքանից հետո գալիս ես, որ ի՞նչ անես»,-հարցրեց նա Սերժ Սարգսյանին՝ հավելելով, որ հենց այս իշխանություններն են ժողովրդի թշնամին: Բագրատյանի խոսքերով` ՀՀ-ում աննախադեպ ավելացել են ինքնասպանությունները, ինչը ստեղծված ծանր իրավիճակի հետեւանք է: Նա նշեց, որ մահացության թվի մեջ քաղցկեղից ու ինֆարկտից հետո ինքնասպանություններ են: Իշխանությունների տնտեսական հանցագործություններից տուժած քաղաքացիներին կոչ արեց երկուշաբթի օրվանից ցուցակագրվել Կոնգրեսում: «Սրանց շանս չպիտի տալ, մայիսի 6-ը վերջնական է, գնալու ենք մինչեւ վերջ: Non stop գնում ենք մինչեւ կատարյալ իշխանափոխություն»,-ասաց նա:
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ իրենց երեխաների ապագայով մտահոգ քաղաքացիներին կոչ արեց մայիսի 6-ին դնել մեր երկրի համար անհրաժեշտ փոփոխությունների հիմքը: «Այս ամենը մենք չենք կարող հանդուրժել. եթե մենք ուզում ենք ապրել ժողովրդավար երկրում, մենք պետք է փոխենք այս իշխանությունը»,-ասաց նա։
Հ.Գ. «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Արամ Սարգսյանը, որը հանրահավաքի վայրում էր, երեկ ելույթ չունեցավ՝ հիվանդության եւ բարձր ջերմության պատճառով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս