Հոկտեմբերի 2-ին է ծնվել ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1901 թվականի հոկտեմբերի 2-ին է ծնվել հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ (1965) և ՀԽՍՀ (1945) ժողովրդական արտիստ Թաթուլ Տիգրանի Ալթունյանը:

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի հայրն է։

Կենսագրություն

1928 թվականին ավարտել է Երևանի, 1934 թվականին` Լենինգրադի կոնսերվատորիաները։

1934 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր` 1971 թվականից): 1935-1936 թթ. ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը, 1937-1939 թթ. և 1947-1949 թթ.՝ Հայաստանի պետական երգչախումբը, 1938-1970 թթ` Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1974 թվականից՝ Ալթունյանի անվան), 1966-1969 թթ.` Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (ընկերության նախագահ՝ 1958-1973):

Ստեղծագործական գործունեություն

Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ։

Երգի-պարի անսամբլի համար Ալթունյանի մշակած ստեղծագործություններն աչքի են ընկնում բեմական ինքնատիպ ոճով։ Հիշարժան են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Հոպինա», «Խամբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» և այլն)։ Հեղինակ է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակների։ Ալթունյանը եղել է հայկական գաղթավայրերում և նպաստել տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության բարձրացմանը։

Ալթունյանի անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի և հայկական այլ անսամբլներ։

1950 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։




Լրահոս