Ինչպե՞ս Գյումրիում կբաժանեն Գագիկ Ծառուկյանի միլիոնները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում թիվ մեկ թեման այս օրերին Ծառուկյանի դեկտեմբերի 8-ի այցն է եւ հատկապես դրա գումարային կողմը: Իսկ գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես են բաժանվելու Ծառուկյանի տված միլիոնները:

Գագիկ Ծառուկյանը գնացել էր Գյումրի ոչ թե երկրաշարժի տարելիցի, այլ ԲՀԿ-ական ռեկտոր ունեցող մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ: Բայց սրա վրա մարդիկ այնքան էլ չեն սեւեռվում:

Ի տարբերություն իշխանական վերնախավի, նա, թեկուզ մեկ օր ուշացումով, գոնե երեւաց: Իհարկե, բոլորին հետաքրքրում է ԲՀԿ առաջնորդի բերած 45 մլն դրամը, որը նա հանձնել է քաղաքապետին՝ անապահովներին բաժանելու համար: Գյումրեցիներն անմիջապես զուգահեռներ անցկացրին գունավոր շատրվանների արժեքի հետ:

Մոտավորապես այդքան՝ 40 մլն դրամ, Սամվել Բալասանյանը ծախսել էր Վարդանանց հրապարակի շատրվանները վերականգնելու նպատակով: Այն ժամանակ, հոկտեմբերին, մարդիկ, տեսնելով նոր շատրվանները, կասկածեցին, որ դրանք 40 մլն արժեն, մանավանդ, որ դրանք վերականգնողը Սամվել Բալասանյանի դասարանցու՝ Մկրտիչ Նալչաջյանի կազմակերպությունն էր:

Փարատելով համաքաղաքացիների կասկածները, Բալասանյանն իր ասուլիսում հայտնեց, որ շատրվանները լավ էլ պարում են. «Կարո՞ղ է մտածում եք, որ շալախո պիտի պարեն»: Բայց գյումրեցիները չհանգստացան: Շատրվանների վրա 40 մլն դրամ ծախսելը քաղաքում ընկալվեց որպես անհարկի ճոխություն, եւ հիմա մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու է Ծառուկյանն աղքատների համար նախատեսված փողերը տվել քաղաքապետին, որն այնքան փող ունի, որ չգիտի, թե ինչպես եւ ինչի համար ծախսի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս