Ախալքալաքի շրջանի բնակիչները վատ վիճակում են. վրացահայ պատգամավորը դիմել է Վրաստանի կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի ձեռքում է հայտնվել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի նամակը Վրաստանի արդարադատության նախարարը տիկին Տեա Ցուլուկիանիին, որտեղ պատգամավորը նախարարին է ներկայացնում Ախալքալաքի շրջանի բնակիչների մտահոգությունը վիզային ռեժիմի հարցի շուրջ:

Ստորեւ ներկայացնում ենք պատգամավորի նամակը:

«Հարգելի՛ նախարար,

Հայտնում եմ ձեզ, որ ինձ գրավոր և բանավոր կերպով դիմում են Ախալքալաքի շրջանի բնակիչները՝ ինչպես քաղաքացիությունից զրկվելու խնդրի հետ կապված (դա բնակչության մի մասի խնդրանքն է), այնպես էլ՝ քաղաքացիության ստացման և բնակության իրավունք ստանալու հարցի վերաբերյալ (դա էլ բնակչության մեկ այլ մասի դիմումն է):

Նախ կուզեի անդրադառնալ առաջին խնդրին. Ախալքալաքի շրջանի բնակիչները իսկապես վատ վիճակում են. չունենալով եկամուտ, ընտանիք պահելու հնարավորություն՝ նրանք մեկնել և մեկնում են Վրաստանի սահմաններից դուրս աշխատանք փնտրելու: Եվ ելնելով որոշ երկրների՝ Վրաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ հնարավոր չէր լինում դրանցում աշխատանք գտնել, ինչն էլ ստիպում էր մեր քաղաքացիներին ուրիշ երկրներում քաղաքացիություն ստանալու հնարավորություն փնտրել: Սակայն Վրաստանի օրենքի համաձայն՝ երկրի քաղաքացին իրավունք չունի կրկնակի քաղաքացիություն ստանալ, ուստի՝ սկսել են ջավախեցիներին զրկել վրացական քաղաքացիությունից:

Կարծում եմ՝ դուք կհամաձայնվեք ինձ հետ այն հարցում, որ եթե մի քանի մարդ կրկնակի քաղաքացիություն է ստացել, դա իրավունքի խախտում է, բայց եթե բնակչությունը մասսայականորեն նման քայլի է գնում, դա արդեն կարելի է դիտել որպես սոցիալական խնդիր: Եվ այս դեպքում պետությունը պետք է լուծի այս խնդիրը, ոչ թե զրկի իր քաղաքացիներին քաղաքացիությունից: Ընդ որում, պետք է նշել, որ եթե այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս Վրաստանից արտագնա աշխատանքի, կմնային Վրաստանում, եթե պետությունն ապահոված լիներ նրանց աշխատանքով: Իսկ նրանք, ովքեր գնում են արտագնա աշխատանքի, գումար են ուղարկում իրենց ընտանիքներին, և դա կարելի է ներդրում համարել Վրաստանի բյուջեի մեջ:

Ուզում եմ նաև ընդգծել, որ երբ մեզ մոտ գործում էր ռուսական բազան, բնակիչները, ովքեր աշխատում էին դրանում, ստացան ՌԴ քաղաքացիություն: Եվ երբ բազան դուրս բերվեց Ախալքալաքի շրջանից, այդ աշխատողները մնացին մեզ մոտ, քանի որ Վրաստանի կառավարությունն այդ ժամանակ հայտարարեց, որ կանի ամենը այդ մարդկանց համար նորմալ պայմաններ ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար: Սակայն շատերին զրկեցին վրացական քաղաքացիությունից, իսկ նրանց, ովքեր դիմել են քաղաքացիություն կամ ժամանակավոր կացության մասին դիմումով, մերժել են:

Ի դեպ, երբ մեր բնակիչներին զրկում են Վրաստանի քաղաքացիությունից, նրանց չեն հարցնում՝ որ երկրի քաղաքացիություն կցանկանային ստանալ, իսկ այս դեպքում շատերը կցանկանային Վրաստանի քաղաքացի մնալ: Եվ ոտնահարվում է արդեն Վրաստանի սահմանադրություն (հոդված 13, պարագրաֆ 2, ,Քաղաքացիությունից զրկելն արգելվում էե): Վերոնշյալից ելնելով՝ ես նպատակահարմար եմ համարում համապատասխան օրենքի ներդրում՝ ի շահ Վրաստանի քաղաքացիների, որը կվկայի այն մասին, որ Վրաստանը հոգ է տանում իր քաղաքացիների մասին: Կամ էլ պետք է հայտարարել այս ոլորտում ամնեստիայի մասին:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, այսինքն՝ Վրաստանի քաղաքացիության կամ կացության իրավունք տրամադրելուն, ասեմ, որ նրանց, ովքեր դիմել են վերոնշյալ հարցերով, մերժել են՝ հիմք ընդունելով Վրաստանի օրենսդրության 18-րդ հոդվածը «Արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կացության մասին» հետևյալ դեպքերում.

Ա) Լիազոր մարմնի կողմից Վրաստանում նրանց բնակությունն արգելող պայմանագրի կնքում՝ ազգային անվտանգության պահպանման կամ ընդհանուր հետքարքրությունների շահերին սպառնալու դեպքում:

Բ) Վրաստանի ազգային անվտանգությանը կամ հասրակական կարգո խախտող գործունեության իրականացում:

Եվ այս դեպքում հաշվի չի առնվում, որ այդ մարդկանց թվում կարող են երեխաներ կամ բազմազավակ մայրեր լիներ, որոնք կարող են մեծ օգուտ բերել Վրաստանին, և որ նրանք մեծ ընտանիքի անդամներ են: Այս դեպքում միայն հարց է առաջանում՝ երկրի համար ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել 2-ամյա փոքրիկը կամ բազմազավակ մայրը: Կամ եթե նրանք սպառնում են Վրաստանի ազգային անվտանգությանը, ինչո՞ւ նրանց նկատմամբ որոշակի միջոցներ չեն կիրառվում, երբ նրանք երկրի տարածքում են:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ նման դեպքում մերժումները սկսում են ձևավորել որոշակի հասարակական կարծիք Վրաստանի որոշ ենթակառուցվածքների նկատմամբ, ինչն, իհարկե, վերջիններիս օգտին չէ:

Մենք պետք է հասկանանք, որ քաղաքացիություն կամ բնակության իրավունք չտրամադրելով Վրաստանում բնակվող մարդկանց՝ պայմաններ ենք ստեղծում նրանց՝ բնակավայրերը ստիպված լքելու համար, ինչի հետևանքով նաև ընտանիքներ կարող են կործանվել:

Տիկի՛ն Տեա

Ես գիտեմ Ձեր օբյեկտիվությունը, գիտեմ ձեր սկզբունքները՝ միշտ կողմնակից լինել ճշմարտությանը և թույլ չտալ մարդու իրավունքների խախտում:
Եվ որպես երկրի արդարադատության նախարարության ղեկավար՝ խնդրում եմ օբյեկտիվորեն արձագանքել վերոբերյալ փաստերին և ձեր լիազորության սահմաններում որոշումներ իրականացնելու ժամանակ դրսևորել մարդասիրական մոտեցում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ:

Հարգանքներով՝

Մեծամասնական կարգով Ջավախքը Վրաստանի խորհրդարանում ներկայացնող պատգամավոր Պետրոսյան Ս. Գ.»:

Նշենք , որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Վրաստանում գործող վիզային ռեժիմը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վրաստան, վրացահայ պատգամավորները նրան հորդորել են այս հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ եւ նրանց փոխանցել վրացահայության մտահոգությունները, որոնց մի մասը ՀՀ քաղաքացի է:

Մեր տեղեկություններով՝ օրերս Վրաստանի Կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին եւ խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի: Ինչպես հայտնի է՝ Վրաստանի եւ ՌԴ հարաբերությունների սրվելուց հետո հազարավոր վրացահայեր Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ՀՀ քաղաքացիություն են ստացել:




Լրահոս