ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԻՄԱ ԷԼ ԿԽԹԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հայտարարել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Գրքի մայրաքաղաք, որն ունի ընդամենը մեկ ու կես գրախանութ: Եվ գրքի պահեստ, որտեղ անհույս, գրախանութի երես չտեսնող գրքերի բուրգեր են, անձրեւի ու կաթացող տանիքի տակ: Եվ մայրաքաղաք, որի 14 հեռուստաընկերություններից ոչ մեկը գրական հաղորդաշար չունի: Գիրքը վաճառաշահ ապրանք չէ, սակայն հարկվում է, ինչպես երշիկը, հագուստը: Պատահական հարցումներն էլ ցույց են տալիս, որ դպրոցական նստարանից հետո հայերի մտահորիզոնը քարանում, մնում է միջնադարում: Նրանց իմացած ժամանակակից վերջին բանաստեղծը Սիլվա Կապուտիկյանն է (հեռուստատեսային հարցախույզից): Այնինչ՝ Հայաստանի գրողների միությունը 400 անդամ ունի: Եւ հուսալ, թե մեկ տարում հնարավոր է այս իմաստով թռիչք ու հրաշք ակնկալել, չափազանց լավատեսական է: Լավատես քաղաքապետ Կարեն Կարապետյանը Հրատարակիչների ազգային ասոցիացիայի պատվիրակության հետ քննարկել է հաջորդ տարի «Երեւանը հավուր պատշաճի ներկայացնելու» համար անհրաժեշտ քայլերը:Ժամանակը սուղ է, եւ այս տարվա ապրիլի 23-ից (Հեղինակային իրավունքի միջազգային օրը) մեկնարկելու են 2011 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաքի` Բուենոս  Այրեսի միջոցառումները: Բայց չհամեմատվենք: «Քանի որ Երեւանը գրքի հետ «թույլ» է կապված, չունենք գրախանութներ ու գրախանութային ցանց, ուստի բոլորիս համար էլ պարզ էր, որ անելիքները շատ են, հապաղելու տեղ չունենք: Չի կարելի ասել, թե չկարդացող մայրաքաղաք  ունենք, կարդալ ուզում են, չգիտեն ինչ կարդալ: Հանդիպման նախաձեռնողը մենք էինք, նամակով դիմեցինք, եւ քաղաքապետը սիրով, արագ ու օպերատիվ արձագանքեց»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանը: «Քաղաքապետը չի ստիպելու, որ կարդան: Մեկ տարի ժամանակ ունենք: Առաջին` պետք է գիրքը գովազդել, մեծ ու փոքր ցուցապաստառներով ու գովազդային վահանակներով: Համատեղ ուժերով մայրաքաղաքում ստեղծելու ենք նոր` գեղեցիկ, գունավոր, շարժական  գրախանութներ: Երեւանում ստեղծվելու է Գրքի կենտրոն, ուր կանցկացվեն շնորհանդեսներ, մշտական ցուցադրություններ: Տարվա մեջ մի քանի անգամ գրքի տոնավաճառներ պիտի կազմակերպենք: Փետրվարի 17-19-ը անցկացվելու է Երեւանյան 6-րդ գրքի տոնավաճառ, հաջորդը ապրիլին է լինելու»,- տեղեկացրեց հրատարակիչը:Նշենք, որ քաղաքապետն այդ հանդիպման ընթացքում խոստացել է հատկապես երիտասարդության շրջանում խթանել ընթերցասիրությունը:«Ժողովուրդ» թերթի հարցին, թե ինչպե՞ս եւ ի՞նչ մեթոդներով է քաղաքապետը «երիտասարդության շրջանում խթանելու ընթերցասիրությունը», քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանն արձագանքեց. «Հանձնարարական է տրվել, որ մեխանիզմներ մշակվեն: Շատ մոտ ապագայում, մոտ մեկ ամսից զանգեք, ավելի հստակ կասենք»:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ 




Լրահոս