ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆՁԱՄԲ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցում էլի երեխա է մահացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտի 14-ին` վեց ամսական Նարե Դավթյանը առավոտյան տեղափոխվել է նշված հիվանդանոց եւ մի քանի ժամ անց մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին եւ այսօր պատրաստվում են Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնել: Նշենք, որ վերջին մեկ տարում այս նույն հիվանդանոցում մահվան արդեն երրորդ դեպքն է: Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 29-ին նույն հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերության ընթացքում մահացել էր 1975 թ. ծնված Կարինե Պապանյանը: Երկու ամիս անց նույն հիվանդանոցում մահացել էր Շիրակի մարզի Արեւիկ համայնքի բնակիչ 4-ամյա Սուրեն Պողիկյանը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռեւս անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր եւ չորսամյա երեխայի մահվան հանգամանքները եւ հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Պատասխանատվության մասին մինչ օրս որեւէ բան հայտնի չէ, ինչը նշանակում է, որ նախարարն իր խոսքի տերը չեղավ եւ հենց նա է անմիջական պատասխանատվություն կրում 6 ամսական Նարե Դավթյանի մահվան համար:

 

 

 

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ապրիլի 18-ին հերթական անգամ կտուգանվի` այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշված օրը կայանալիք նիստի օրակարգում քննարկելու է ՀԷՑ-ին տուգանելու մասին նախագիծը: Իսկ պատճառն այն է, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀԷՑ-ին չի հետաքրքրում, թե ինչ է գրված ՀՀ օրենսդրությունում, եւ ինչ է ասում ՀԾԿՀ-ն: Այս ընկերությունը սպառողներից հավաքագրված գումարները տնօրինել եւ տնօրինում է իր հայեցողությամբ: Իսկ այն փաստը, որ արդյունքում հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր են կուտակվում, իրենց ոչ էլ հետաքրքրում է: ՀԷՑ-ում համոզված են, որ նույն ՀԾԿՀ-ն՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ականջները կախ կբարձրացնի էլէներգիայի սակագինը, եւ պարտքերը հայ սպառողները «կփակեն»:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի` «Սասի Արտակի» ավտոմեքենաներից մեկի վրա փակցված է 058 ՕՕ 01 համարանիշը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ շարքային պատգամավորներին հատկացվում է «ՕՕ 11»-ով վերջացող համարներ: Իսկ «ՕՕ 01»-ով վերջացող համարները տրվում են միայն ԱԺ ղեկավարությանը, հանձնաժողովների նախագահներին ու խմբակցության ղեկավարներին: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ Ա. Սարգսյանին ԱԺ ղեկավար կազմի համար նախատեսված համարանիշ է տրվել: «Նշված պետհամարանիշները նախատեսված են ԱԺ-ի համար, ուստի դրանք հատկացվում են նաեւ պատգամավորներին»,- ասաց Բաբայանը: Հիշեցնենք, որ մինչ այս էլ հայտնի էր դարձել, որ Ա. Սարգսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանից վերցրել եւ իր ավտոմեքենաներից մեկի վրա է տեղադրել 060 ՕՕ 11 պետհամարանիշը: Ուստի դժվար է ասել, թե Սարգսյանի տրամադրության տակ ԱԺ-ի քանի պետհամարանիշ կա:

 

 

 

 

 

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի` Երեւանի Կարապի լճի մոտ կազմակերպված խելահեղ համերգից հետո մինչ օրս չի պարզաբանվում, թե միջոցառման տեխնիկական ապահովումն ինչու էր այդքան վատ կազմակերպված, եւ ինչու էր համերգը ուղեկցվում խոտաններով: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ռեփերի ծրագրի մեջ նախապես չի եղել համերգի մտադրություն, եւ անհնար էր ավելին անել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: Չէ՞ որ ապրիլի 8-13-ը Քարդաշյան քույրերն ու Ուեսթը Հայաստանում էին, եւ նույնիսկ ստորագրահավաք էր կազմակերպվել՝ Ուեսթին խնդրելով համերգ տալ: Ինչո՞վ էին զբաղված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 7 տեղակալներն ու 4 խորհրդականները, որ «գլխի չէին գցում» ամեն դեպքում պատրաստվել համերգին: Ի վերջո, Ք. Ուեսթի նման մեգաաստղերն ամեն օր չէ, որ Հայաստան են գալիս: Դե, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասին անգամ չարժի հիշատակել. նա վաղուց մեր երկրում ընկալվում է ՀՀ առաջին տիկնոջ մշակութային գծով ընկերուհին:

 

 

 

 

ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏԸ

Հայոց ցեղասպանության ճանաչման հաղթարշավը շարունակվում է: Երեկ 28 եվրոպական երկիր ներկայացնող Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Եվրոպական խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության եւ համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը եւ կոչ է անում ԵՄ Հանձնաժողովին եւ Խորհրդին միանալ ոգեկոչմանը»,- ասված է բանաձեւում:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռեւս 2005թ. սեպտեմբերի 28-ին: Երեկ էլ Եվրախորհրդարանը վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին ընդունված բանաձեւը, որում ասված է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է ՄԱԿ-ի՝ 1948թ. ընդունած կոնվենցիայում: Երեկվա բանաձեւով առաջարկվում է նաեւ սահմանել Ցեղասպանությունների հիշատակման օր:
Նշենք, որ բանաձեւում անդրադարձ կա նաեւ Թուրքիայի իշխանությունների կողմից անցած ապրիլի 24-ին հնչեցրած ցավակցություններին: Ու թեեւ եվրոպական խորհրդարանը երեկ ընդունած բանաձեւում ողջունել է Էրդողանի եւ Դավութօղլուի «ցավակցությունները եւ օսմանյան հայերի դեմ տեղի ունեցած դաժանությունների ընդունումը` որպես ճիշտ ուղղությամբ արված քայլ», այնուամենայնիվ բանաձեւի քննարկման ընթացքում հնչած գնահատականները ցույց են տալիս, որ, ի վերջո, եվրոպական հանրությունը հստակ գիտակցում է ներկայիս Թուրքիայի եւ եվրոպական արժեհամակարգի միջեւ առկա անհատակ անդունդը, որն անգամ ամենամեծ քաղաքական շահերի դեպքում լցնելն այլեւս վտանգավոր է դիտվում: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Կիպրոսի եւ Իտալիայի պատվիրակների ելույթները հստակորեն ցույց տվեցին, որ Թուրքիայի իշխանությունների ժխտողականության պարանոյայի` արդեն հակաեվրոպական դրսեւորումները անարձագանք չեն մնալու:
Ուշագրավ էր հատկապես խորհրդարանականների արձագանքը իտալացի պատվիրակ Բորգեզիո Մարիոյի վրդովված ելույթին, որում նա Հռոմի պապի հասցեին վիրավորական արտահայտություններ արած Էրդողանին անվանեց «մաֆիոզ»: «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»,- իտալացի պատգամավորի այս խոսքերին հաջորդեցին Եվրախորհդարանի պատվիրակների ծափահարությունները: Այդպիսով` որքան կատաղի է դառնում Էրդողանի ժխտողականությունը, այնքան մեծանում է քաղաքակիրթ աշխարհի հակազդեցությունը: Վերջապես:




Լրահոս