ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՃԱՇԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Գյումրու քաղաքապետարանում տեղի են ունենում կադրային լուրջ փոփոխություններ: Մինչ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրաժարականի դիմում ներկայացնելը, աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանն ու եւս 2 բաժնի պետեր: Այսօր արդեն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած բաժնի պետերի թիվը հասնում է 8-ի, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ մյուս փոխքաղաքապետ Ռուդիկ Հովհաննեսյանը: Իսկ Ռուբեն Սանոյանը, որը նախկինում զբաղեցրել է Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, եւ Գուրգեն Մալխասյանը՝ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, արդեն իսկ նշանակվել են 2 փոխքաղաքապետերի պաշտոնում:
Ինչպես տեղեկացանք քաղաապետարանի լրատվության բաժնի նորանշանակ պետ Զոհրապ Եգանյանից՝ իրենց դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել են քաղաքացիների դիմումների, առաջարկությունների եւ ընդունելության բաժնի պետ Արմենուհի  Բաղդասարյանը, բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը, քաղաքաշինության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի պետ Ռաֆիկ Հակոբջանյանը, ֆինանսական բաժնի պետ եւ գլխավոր ֆինանսիստ Գագիկ Պողոսյանը, առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Անդրանիկ Չադրյանը, ծրագրերի, տեղեկատվության եւ վերլուծության բաժնի պետ Ցոլակ Չադրյանը, կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Հրաչիկ Խաչատրյանը: Մամուլում տարբեր անուններ են շրջանառվում այս պաշտոնների հավանական թեկնածուների մասին, սակայն Զ. Եգանյանն ասաց, որ առայժմ կոնկրետ անուններ չի կարող նշել, քանի որ ընթացակարգի համաձայն՝ այդ պաշտոններում նշանակումները որոշակի ժամանակ են պահանջում: Խոստացավ առաջիկա 1-2 օրվա ընթացքում նոր պաշտոնյաների անունները մեզ տրամադրել:
Հոկտեմբերի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմին: Այդ օրը նորընտիր քաղաքապետը ոչ այնքան ջերմ ընդունելության արժանացավ: Անդրադառնալով քաղաքապետարանի գործող աշխատակազմի  հետագա գործունեությանը, Բալասանյանը նշեց. «Ով մասնագետ է ու որպես համայնքային ծառայող իր անձնագրին համապատասխանում է՝ մնալու եւ աշխատելու է, իսկ ով չի համապատասխանում, չի աշխատելու»: Հետագա օրերին կատարված մեծաթիվ կադրային փոփոխություններից մնում է ենթադրել, որ կա՛մ քաղաքապետարանում մասնագետների թիվը շատ քիչ էր, կա՛մ 1-2 օրվա ընթացքում պարզ դարձավ նրանց ոչ մասնագետ լինելու հանգամանքը, կա՛մ  նորընտիր քաղաքապետ եւ բաժնի պետեր համատեղ աշխատանքը չի ստացվել:
Նշենք, որ քաղաքապետարանում տեղի ունեցող փոփոխությունները շարունակվում են՝ ընդհուպ մինչեւ քաղաքապետի աշխատասենյակի վերանորոգում՝ չնայած նրան, որ աշխատասենյակը վերանորոգման կարիք չուներ: Զ. Եգանյանից փորձեցիք ճշտել, թե ինչով է դա պայմանավորված: Վերջինս  մեզ փոխանցեց, որ դա զուտ ճաշակի խնդիր է:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս