«Վիկիլիքսի» կողմից հանրայնացված փաստաթղթերից հերթականը վերաբերում է 2008թ. մարտի 1-ից առաջ Հայաստանում տիրող իրադրությանը: ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կազմած սույն զեկուցագիրը փոխանցում է ՀՀԿ-ական պատգամավոր, Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի մտքերը 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Նիկոյանի մատուցմամբ՝ Արթուր Բաղդասարյանի թիմը տիրապետել է ընտրախախտումների բազմաթիվ հիմնավոր ապացույցների, իսկ իշխանությունների իրական հույսը ցուցարարների՝ հանրահավաքներից հոգնելն է եղել:
Այսպես, 2008թ. փետրվարի վերջին Սամվել Նիկոյանն իր իսկ նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետի հետ, որը, համաձայն Փենինգթոնի զեկուցագրի, ՀՀԿ-ական գործչի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել: Պետդեպի համար իրավիճակը առավելագույնս պարզ մատուցելու նպատակով դիվանագետը ներկայացնում է Նիկոյանին իբրեւ բավականին հաջող զրուցակից, որը ժամանակ առ ժամանակ հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ դեսպանությանը: Հեղինակն ընդգծում է, որ Նիկոյանը Կառավարությունում պաշտոն չունի, փոխարենը իշխող կուսակցության գործադիր մարմնի անդամ է: Ամերիկացի դիվանագետը ՀՀԿ-ի ներսում Նիկոյանին կցում է Անդրանիկ Մարգարյանի թեւին, որն այնքան էլ լավ դիրքերում չի հայտնվել 2006թ. Սերժ Սարգսյանի հետ մի շարք ազդեցիկ գործիչների կուսակցականացվելուց հետո:
Խոսելով ներիշխանական հակասություններից՝ Սամվել Նիկոյանը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն դիրքերից չեն մոտենում առկա իրադրությանը եւ հատկապես Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին:
Ուշագրավ է Նիկոյանի համոզված պնդումն առ այն, որ Քոչարյանը նախընտրում է ցուցարարներին հեռացնել Ազատության հրապարակից, մինչդեռ Սարգսյանը զգույշ է տրամադրված հրապարակի մաքրումից հետո սպասվող բացասական ռեակցիայի նկատմամբ՝ հակված լինելով առավելապես խաղաղ հանգուցալուծման: Նիկոյանի վստահությամբ՝ Սերժ Սարգսյանը նախընտրում է բանակցությունների մեջ մտնել նվազ ծայրահեղական ընդդիմադիրների հետ եւ սպասում է, որ ցուցարարները հոգնեն ամենօրյա հանրահավաքներից: Հետաքրքիր է, որ Նիկոյանը փաստացիորեն վկայություն է տալիս ու Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցների հարկադրական հեռացման պատասխանատվությունը դնում է Ռոբերտ Քոչարյանի վրա:
Խոսելով ընդդիմության մասին՝ ՀՀԿ-ական Նիկոյանը նկատել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները միայն արտաքնապես են խաղաղ, մինչդեռ իրականում Տեր-Պետրոսյանը գաղտնաբար զինված միավորներ է կազմավորում: Հարկ է արձանագրել, որ Նիկոյանի սույն պնդումը իշխանության հարուցած քրեական գործում այդպես էլ չհաստատվեց: Եթե անգամ տուրք տանք իշխանության վարկածին, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ զինված ջոկատներ ու պետական հեղաշրջում «նախապատրաստող» Տեր-Պետրոսյանը պատասխանատվության չկանչվեց:
Վերջապես, հանրահավաքները ընթացել են հանրության ու ԶԼՄ-ների աջքի առաջ, իսկ այդ օրերի իրադարձությունները` քննվել դատարաններում ու ԱԺ-ում, մինչդեռ որեւիցե հիմնավորում ու ապացույց զինված ջոկատների կամ գեթ մեկ ընդդիմադիրի մասին այդպես էլ չներկայացվեց: Ստացվում է, որ Նիկոյանը կա՛մ ստում է՝ ընդդիմությանը զինված ջոկատներ կազմավորելու մեջ մեղադրելով, կա՛մ էլ ունի ապացույցներ, սակայն չի հրապարակում: Ի դեպ, այս փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ Նիկոյանն արդեն իսկ Մարտի 1-ի դեպքերի քննությանը մոտեցել է հստակ կանխակալությամբ, ինչը նորմալ երկրում անհնարին կդարձներ նման մարդու՝ նույն այդ իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ դառնալը:
Իսկ, ահա, իշխանության քայլերին անդրադառնալով՝ Նիկոյանը հավելել է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է բանակցել Արթուր Բաղդասարյանի հետ ու նրան կոալիցիոն կառավարություն կազմելու առաջարկ անել: Նիկոյանը փաստել է, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրությունների օրը մեծ աշխատանք է կատարել, կարողացել է ընտրախախտումների բազմաթիվ ապացույցներ հավաքել, ինչը ցանկալի չէ, որ ներկայացվի Սահմանադրական դատարան: Նրա կարծիքով՝ Արթուր Բաղդասարյանն իշխանության հետ իրեն բավարարող համաձայնության չգալու դեպքում հավանաբար կմիանա Տեր-Պետրոսյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած բողոքին, ինչը դատարանում կուժեղացնի ընդդիմության դիրքերը: Ըստ էության, Նիկոյանի այսօրինակ տեղեկությունները բավականին կարեւոր են, քանզի իշխանության ներկայացուցչի մատուցմամբ՝ ընտրությունների օրը տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, եւ ինչ-որ խմբի ձեռքին դրանք հիմնավորող ապացույցներ են եղել:
Նիկոյանը պարզաբանում է, որ դրանց տիրապետում էր Արթուր Բաղդասարյանը, որը, փաստենք, այդ ապացույցները չի հրապարակել եւ չի ներկայացրել դատարան: Ըստ այդմ՝ Բաղդասարյանը ընտրախախտումների փաստերը թաքցրել է եւ, ըստ երեւույթին, օգտագործել սեփական հետաքրքրությունների համար: Արդյո՞ք այսքանից հետո իրավապահ մարմինները Նիկոյանին ու Բաղդասարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չեն տեսնում:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ