ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ-ում ոչ միայն տնտեսության, այլեւ մյուս բոլոր ոլորտներում ունենք խնդիրներ, սակայն, ըստ նրա, դրանք պատճառ չեն իշխանափոխության համար:
-Վերջերս հրապարակվեցին պաշտոնական վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց՝ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական առումով շարունակում ենք հետընթաց գրանցել. աճել է աղքատների, արտագաղթողների թիվը, նվազել են ներդրումները եւ այլն: Եւ այս ամենը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Այսքանից հետո ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում նախագահի ընտրություններում առաջադրել նրա թեկնածությունը:
-Հայաստանը կտրված չէ աշխարհում տեղի ունեցող երեւույթներից, եւ բնականաբար, ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող իր ազդեցությունը չունենալ: Ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ոչ միայն Հայաստանում, նաեւ այլ երկրներում: Խնդիրն այն է, թե ինչպես կարողացանք դիմակայել ճգնաժամին: Դա էլ որոշվում է ընտրությունների ժամանակ, եւ ԱԺ ընտրությունները դրա վառ ապացույցն էին:
-Եվրոպական մի շարք երկրներում հենց այդ ճգնաժամի արդյունքում կառավարություններ հրաժարական տվեցին: Մեզ մոտ, սակայն, դա չեղավ:
-Կառավարությունները հրաժարական տվեցին ոչ թե նրա համար, որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, այլ որ իրենք չկարողացան դրան դիմակայել:
-Մեզ մոտ էլ փորձեցին դիմակայել արտաքին պարտքն ավելացնելու ճանապարհով:
-Դիմակայման բազմաթիվ եղանակներ կան, եւ խնդիրը հետեւյալն է՝ որքանով հաջողվեց դիմակայել: Հնարավորությունները վերեւից չեն ընկնում, այլ դու պետք է ինչ-որ բան զոհես: Խնդիրն առաջնահերթությունների ճիշտ սահմանումն է եւ նվազագույն ցնցումները: ԱԺ ընտրությունները պատասխան տվեցին այդ հարցին, ընտրությունները ժողովրդի գնահատականն էին:
-Տպավորություն է, որ տնտեսական ճգնաժամն իշխանությունների համար դարձել է փրկօղակ, քանի որ բոլոր չլուծված խնդիրները, ձախողումները, թերացումները միանգամից բարդում եք հենց ճգնաժամի վրա:
-Ձեր տպավորությունը սխալ է: Իշխանությունն ընդունում է, որ ինքն անթերի չէ: Մենք ընդունում ենք, որ ունենք թերություններ: Մի բան է տալ խոստումներ, մի բան է ցույց տալ, թե իրականում կարող ես կատարել որոշակի քայլեր:
-Եթե ճգնաժամը չլիներ, իշխանություններն իրենց ձախողումներն ո՞ւմ վրա էին գցելու:
-Մենք ձախողումների մասին չենք խոսում: Խոսում ենք տնտեսական որոշակի ցուցանիշների մասին: Եթե ճգնաժամը չլիներ, մենք չէինք ունենա նման տնտեսական ցուցանիշներ, մենք կունենայինք ավելի բարվոք ցուցանիշներ:
-Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի մի մասը շարունակում է մնալ չկատարված: Արդյոք դա հիմք չէ, որ Ս. Սարգսյանն այս ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը:
-Ո՛չ, հիմք չէ: Դուք նույն հարցը տարբեր ձեւակերպումներով եք տալիս: Այնպես որ, պատասխանս նույնն է:
-Շատերը իշխանության ներսում այսօրվա վիճակը համեմատում են 1997-1998թթ. ՀՀՇ իշխանության ներսում տիրող իրավիճակի հետ, եւ արդյունքը եղավ նախագահի հրաժարականը, ՀՀՇ-ն հանձնեց իշխանությունը: Չե՞ք կարծում, որ պատմությունը կրկնվում է. ՀՀԿ-ում էլ կան թեւեր, որոնք հակամարտում են միմյանց դեմ: Գումարած՝ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, իշխանության ոչ լեգիտիմությունը:
-Ես որեւէ զուգահեռ չեմ տեսնում:
-Մի՞թե ՀՀԿ ներսում չկան թեւեր, որոնք հակամարտում են միմյանց դեմ:
-Ինչպես ցանկացած կուսակցությունում, ՀՀԿ-ում եւս կան տարակարծություններ, եւ դա շատ լավ է:
-Եթե իշխանափոխություն լինի, Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ում քանի՞ հոգի կմնա:
-Նման հարցերին երբեւէ չեմ պատասխանել այն պատճառով, որ քաղաքականության մեջ «եթե»-ներով չեն խոսում:
-Վրաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ ընտրությունների միջոցով իշխանափոխություն եղավ, ինչո՞ւ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը չի հաջողվում:
-Ի՞նչ է նշանակում՝ չի հաջողվում: Իշխանափոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ:
-Իսկ ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական վիճակն օբյեկտիվ պատճա՞ռ չէ:
-Դրանք իրենց դերակատարումը, իհարկե, ունեն, բայց դա չի նշանակում, որ տնտեսական վճակը միակ հնարավոր հենքն է՝ ընտրությունների ժամանակ այլ կուսակցության կամ այլ անձանց ձայն տալու համար:
-Իշխանափոխության համար ուրիշ ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ:
-Բազմաթիվ… ներքին, արտաքին, ինչպես նաեւ՝ տնտեսության վիճակը:
-Տնտեսության մեջ ունենք խնդիրներ:
-Մենք ոչ միայն տնտեսության մեջ, այլեւ բոլոր ոլորտներում ունենք խնդիրներ: Իսկ մի՞թե կան երկրներ, որոնք խնդիրներ չունեն:
-Այո՛, բայց այլ հարց է, թե խնդիրներն ինչ ծավալի են, ինչ պատճառով են:
-Այո՛, նաեւ՝ որքանով են դրանք օբյեկտիվ պատճառներով:
-Մեզ մոտ, ըստ իշխանությունների, խնդիրներն օբյեկտի՞վ պատճառներով են:
-Ո՛չ: Ասացի, որ մենք ունենք թերություններ եւ աշխատում ենք այդ թերությունները շտկելու համար:
ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՈՒՆԵՆՔ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ