ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Սեբաստիա” բժշկական կենտրոնի “Էլեն-Նարե” ծննդատանն անթույլատրելի դեպք է տեղի ունեցել։ Այս էլ որերորդ անգամ բժշկի նկատմամբ անհարգելից ու բիրտ ուժի կիրառման միջադեպ է գրանցվել մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում։ Արատավոր ու մերժելի մի փաստ, որը, դժբախտաբար, կարծես թե չափազանց դատապարտելի, ուղղակի անըմբռնելի սովորույթ է դառնում։
Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու նման բոլոր դեպքերի, ինչպես նաև բուժաշխատողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արձանագրված ամեն մի փաստի առթիվ։ Վստահություն հայտնելով, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։
Բուժաշխատողներին կոչ ենք անում չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին հորդորում ենք ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու բուժաշխատողներին` կատարելու իրենց մարդասիրական գործը և մասնագիտական պարտքը, հաշվի առնելով, որ դրանով առաջին հերթին վտանգում են իրենց իսկ հարազատի բուժումն ու անգամ կյանքը։ Նման երևույթներն անառողջ և անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Միաժամանակ, հաշվի առնելով վերջին շրջանում բուժաշխատողների նկատմամբ անհարգալից և ուժի կիրառման հաճախակի դարձած դեպքերը և դրանք կանխելու հրամայականը, նախարարությունում քննարկվում է մասնագիտական պարտականությունները կատարող բուժաշխատողների հանդեպ բռնի գործողություններ իրականացնողների նկատմամբ պատասխանատվության խստացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու առաջարկով ՀՀ կառավարություն դիմելու հարցը:




Լրահոս