Քոչարյանի օրոք տեղի ունեցած ընտրությունները մեկը մյուսից ավելի խայտառակ են անցել. Վիկիլիքս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դիվանագիտական նամակագրության արխիվից «Վիկիլիքսի» միջոցով սպրդած սույն զեկուցագիրը պատմում է 2006թ. սեպտեմբերի 5-ին այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի միջեւ տեղի ունեցած հանդիպման մասին:

Կողմերը քննարկել են Հայաստանում ծավալվող իրադարձությունները՝ շեշտելով ընտրությունների՝ արդար ու թափանցիկ անցկացման անհրաժեշտությունը: Թեեւ զրույցը տեղի է ունեցել բավականին վաղ, սակայն քննարկվող հիմնախնդիրների եւ դրանց հանդեպ Սերժ Սարգսյանի մոտեցումների տեսանկյունից, կարելի է ասել, ոչինչ չի փոխվել: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանն անդադրում քննադատում է ընդդիմությանը կառուցողական լինելու համար եւ ակնարկներ անում իր ենթակայության ներքո գտնվող բանդաների մասին:

Էվանսը հայտնում է, որ ժողովրդավարության թեմայով իր բարձրացրած հարցերը կապված են եղել առաջին հերթին ընտրությունների թափանցիկության ապահովման հետ: Նկատի առնելով Սերժ Սարգսյանի դերակատարությունն իբրեւ կառավարող կուսակցության (ՀՀԿ-ի) բարձրագույն ներկայացուցիչ՝ դիվանագետը կարեւորել է նախորդ ընտրությունների համեմատ առաջընթացի անհրաժեշտությունը: Դրան համաձայնել է նաեւ Սարգսյանը՝ պնդելով, որ այնժամ նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը «միանշանակորեն հասկանում է արդար ընտրությունների կարեւորությունը»:

Հետաքրքիր է, որ Քոչարյանի օրոք տեղի ունեցած ընտրությունները մեկը մյուսից ավելի խայտառակ են անցել, որոնց վերջին ակորդն էլ եղան 2008թ. նախագահական ընտրություններն ու դրանց արդյունքները բողոքարկող քաղաքացիների սառնասիրտ սպանդը: Հաշվի առնելով այդ անհերքելի փաստերը՝ ենթադրում ենք, որ Քոչարյանի, ըստ երեւույթին, նաեւ Սարգսյանի արդար ընտրությունների շուրջ ունեցած պատկերացումը լիովին տարբերվում է իրական ժողովրդավարության ընկալումներից:

Ինչեւէ, Սարգսյանը քննելով ներքաղաքական դրությունը՝ սկսել է բողոքել ընդդիմադիր կուսակցությունների պահվածքից, որոնք, իր բնորոշմամբ, քմահաճ են ու հանդես են բերում անպատասխանատու եւ ապակառուցողական կեցվածք:

Ըստ նրա՝ ընդդիմադիրները, բոյկոտելով խորհրդարանի աշխատանքն ու չմասնակցելով սահմանադրական փոփոխությունների գործընթացին, անկարող են գիտակցել, որ քաղաքացիական կարեւորագույն դերակատարություն ունեն՝ անգամ իշխանության մաս չկազմելով: Հետաքրքիր է, որ ընդդիմության դերակատարության կարեւորության մասին խոսում է մի գործիչ, որը երբեւէ ընդդիմադիր չի եղել: Ավելին՝ կոմունիստական վարչակազմից հաջողությամբ դարձել է ՀՀՇ-ի իշխանության առանցքային դերակատարներից մեկը, պալատական հեղաշրջման միջոցով էլ ավելի ամրապնդվել իշխանության աղբյուրի մոտ, իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո տիրացել իշխանության աստիճանակարգության մեջ երկրորդը լինելու կարգավիճակին: Արդեն 2008թ. մարտի 1-ի անզեն քաղաքացիների գնդակահարության հետեւանքով իր ձեռքը կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը՝ Սարգսյանն այսօր էլ հավակնում է երկարաձգել անձնական իշխանավարությունն առնվազն 5 տարով: Ի դեպ, քանի որ ընդդիմությունը չի հասկանում իր իրական առաքելությունը, գուցե այժմ հարմար պահ է, որ Սարգսյանը հրաժարվի իշխանությունից եւ դառնալով ընդդիմության լիդեր՝ վերջապես իրականացնի այդ պատասխանատու գործը:

Հատկանշական է, որ ՀՀԿ-ի առաջնորդը ընդգծել է նաեւ առողջ բանավեճի վարման անհրաժեշտությունը: Արդ, ս.թ. փետրվարի 12-ին, երբ Սարգսյանն իր ամբողջ կուսակցությանը մարտի էր նետել՝ ամենացածրորակ արտահայտություններով պատվելով ԲՀԿ-ի ղեկավարին, հավանաբար առաջնորդվում էր հենց վերոհիշյալ «առողջ բանավեճի» կարգակոչով:

Հանդիպման մանրամասները եզրափակելով՝ դեսպան Էվանսը փոխանցում է նաեւ Սերժ Սարգսյանի հետ կապված, իր բնութագրմամբ, մի «ցինիկ» հումորային պատմություն: Սարգսյանը տեղեկացրել է, որ հեռախոսային խոսակցություն է ունեցել հայաստանյան լրագրողներից մեկի հետ, որն իր մասին «անհիմն» մեղադրանքներ է հրապարակած եղել: Սարգսյանը հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս պիտի ինքը վարվեր իր բարի համբավը այդօրինակ կերպով ոտնահարողի հետ: Ըստ այդմ, ի պատասխան այդպիսի անհարիր հրապարակմանը՝ Սարգսյանը կարող էր հաստավիզներ ուղարկել լրագրողի տուն ու պատժել նրան, ինչը, սակայն, դուրս կլիներ բոլոր սահմաններից: Սարգսյանը սույնով, փաստորեն, ակնարկում է, որ իր ենթակայության ներքո գոյություն ունեն հաստավիզների բանդաներ, որոնք կարող են, օրինակ, իր անվան անհարիր շահարկման պարագայում պատժել լրագրողին կամ ցանկացած քաղաքական հակառակորդի:

Հիշեցնենք, որ 2014թ. վերջին մի շարք քաղաքական աղմկոտ բռնարարքներ տեղի ունեցան, որտեղ շոշափվում էր հենց Սերժ Սարգսյանի անունը: Հիմք ընդունելով Սարգսյանի վերը նշված ակնարկները՝ կարող ենք ենթադրել, որ նա տեղյակ է եղել այդ «պատժիչ» գործողություններին, հատկապես, որ մեղավորները չհայտնաբերվեցին կամ մեղմագույն պատժի արժանացան: Ի դեպ, Սարգսյանը քննել է նաեւ դատարան դիմելու տարբերակը ու հանգել այն եզրակացությանը, որ դատարանները կոռումպացված են ու անարդյունավետ, ուստի ինքն իր անվան անազնիվ շահարկման դեմ պայքարելու հարցում անզոր է: Ելնելով այն հանգամանքից, որ սարգսյանական իշխանությունը ցայսօր շարունակում է ապավինել հաստավիզներին ու բանդաներին, ստացվում է, որ դատարանները դեռեւս այն աստիճանի են կոռումպացված, որ անգամ Սերժ Սարգսյանը չի կարող իր բարի համբավը դրանց միջոցով վերականգնել:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս