Արդեն տեղեկացրել ենք, որ «Հրապարակ» օրաթերթի պաշտպան Տիգրան Ավետիսյանը հրաժարվել է հետագայում մասնակցել դատական նիստերին և պաշտպանել օրաթերթի շահերը: Armlur.am-ի հետ զրույցում փաստաբանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ այդ առնչությամբ:
«Ես համապատասխան իրավական ձևակերպումներով ներկայացրել եմ դիմումը: Այլ մեկնաբանություններ չեն ցանկանում տալ, կարիք չկա»,- ասաց փաստաբանը: Հնարավոր սպառնալիքների կամ ճնշումների վերաբերյալ ևս փաստաբանը որևէ մեկնաբանություն չտվեց. «Չեմ մեկնաբանում»:
Իսկ Armlur.am-ի հետ զրույցում խնդրո առարկա հանդիսացող հոդվածների հեղինակ Սյուզան Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ փաստաբանի` իրենց ծառայությունները մատուցելուց հրաժարվելու հանգամանքը կապված է մյուս կողմից եղած ճնշումների հետ: Միաժամանակ Ս. Սիմոնյանը նշեց, որ այդ ճնշումները թաքնված են դրսևորվում և ոչ ակնհայտ. «Որքանով է դա կապված Ռուզաննա Խաչատրյանի և Կարեն Մեժլումյանի հետ, այս պահին չեմ կարող ասել: Ես դատարանում հայտարարեցի, որ սա ընկալում ենք որպես ճնշումներ. Կարեն Մեժլումյանն ու օգնականը վրդովվեցին, բայց այլ կերպ ինչպե՞ս մեկնաբանենք, եթե փաստաբանը հայտարարում է, որ իր գործընկեր վստահորդների հետ վաղուց աշխատել են, պայման են դրել, որ Տիգրան Ավետիսյանը պետք է հրաժարվի պաշտպանությունից: Հակառակ դեպքում փաստաբանական ընկերության հետ կխզեն պայմանագիրը»: Սյուզան Սիմոնյանի գնահատմամբ, հայաստանյան իրականության մեջ ճնշումների ամենատարբեր դրսևորումները կան: Սա էլ ճնշման ձև է, պարզապես այս ճնշումը, մեր զրուցակցի խոսքով, թաքնված է, որպեսզի արտաքուստ չերևա:
Նշենք, որ այս դեպքում «Հրապարակ» օրաթերթը կարող է դիմել Փաստաբանների պալատին` Տիգրան Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու հարցով: Եթե պարզվի, որ փաստաբանի պատճառաբանությունները` կապված պաշտպանությունն իրականացնելուց հրաժարվելու հետ, անհիմն են, կարգապահական տույժ միանշանակ կկիրառվի: Մեր հարցին` դիմելո՞ւ են արդյոք պալատին, Սյուզան Սիմոնյանը դժվարացավ պատասխանել` նշելով, այս պահին դեռևս հստակ որոշում խմբագրությունը չի կայացրել: