Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը` տարածաշրջանում կարևոր զարգացումների ֆոնին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին շրջանում գործադրած ջանքերը կարծես թե տվեցին իրենց արդյունքը. չնայած երկուստեք հնչեցված փոխադարձ սուր քննադատությանը եւ միմյանց լեգիտիմությունը կասկածի տակ դնող հայտարարություններին` այնուամենայնիվ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտնել են իրենց պատրաստակամությունը առաջիկա ամիսներին հանդիպելու շուրջ:

«Նախագահները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին շարունակել աշխատանքը համանախագահների հետ նախագահական գագաթնաժողովի օրակարգի շուրջ»,- երեկ հայտարարել են տարածաշրջանային այցը ավարտած համանախագահները: Թե կոնկրետ երբ կկայանա այդ հանդիպումը եւ որտեղ, առայժմ հայտնի չէ, սակայն արդեն իսկ այն փաստը, որ ներկայիս խիստ սրված հռետորաբանության եւ սահմանային լարվածության ֆոնին երկու երկրների նախագահները քննարկում եւ համաձայնություն են տալիս հետագա հանդիպման վերաբերյալ, կարելի է ասել` դրական դինամիկա խոստացող փաստ է:

Առաջիկա հանդիպումը կարող է նշանակալի առաջընթաց խոստանալ հատկապես Իրանի շուրջ՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքից ելնելով, քանզի կասկածից դուրս է, որ Իրանի վերադարձը համաշխարհային քաղաքական եւ տնտեսական գերտերությունների ակումբ լիովին վերաձեւելու է տարածաշրջանում գերտերությունների ունեցած ազդեցության եւ հավակնությունների չափաբաժինները:

Եվ դա առաջին հերթին վերաբերելու է Ադրբեջանի մեծ եղբորը` Թուրքիային:
Իհարկե, նույն Իրանի գործոնը կարող է հակառակ` զսպիչ նշանակություն ունենալ Ռուսաստանի դաշնության դեպքում, սակայն դատելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` վերջին օրերին արված հայտարարություններից, թե ներկայումս ստեղծվում են լուրջ հիմքեր հակամարտության մոտալուտ լուծման համար, կարելի է ենթադրել, որ այս փոլում Ռուսաստանն առանձնապես չի նյարդայնանում Իրանի ռեաբիլիտացիայից:

Ինչեւէ: Առայժմ համանախագահները մտահոգված են սահմանային լարվածության էսկալացիայից եւ կոչ են անում կողմերին` «քայլեր կատարել հրադադարը պահպանելու ուղղությամբ»: Արդյոք այդ կոչերը լսելի կլինեն մինչ առաջիկա հանդիպումը, թե հենց լարվածության էսկալացիան կարագացնի նախագահների հանդիպումը, ինչպես անցած տարի հենց այս օրերին, պարզ կդառնա առաջիկայում:




Լրահոս