ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Զիգֆրիդ Բրակեին: Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․
«Հարգելի պարոն նախագահ,
Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:
Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն այն բարձր արժեքներին, որոնք դավանում է ողջ Բելգիայի ժողովուրդը:
Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»։