«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Լավագույն սցենարի համար «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի կողմից մրցանակի արժանացավ «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր Գագիկ Մադոյանը: Նրա մրցանակը հանձնեց աշխարհահռչակ դերասանուհի, փառատոնի պատվավոր հյուր Նաստասյա Կինսկին: Դե, իսկ Գագիկ Մադոյանն էլ առիթը բաց չթողեց եւ նրան առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Կինսկին իրեն հատուկ ջերմությամբ ընդունեց հայ ռեժիսորի առաջարկը եւ ասաց` այո: «Ժողովուրդ»-ը Գագիկ Մադոյանի հետ զրուցել է մրցանակի, անսպասելի առաջարկի եւ հետագա անելիքների մասին:
-Գագի՛կ, կարծես թե մրցանակը Ձեզ շատ է հուզել, այո՞:
-Իհարկե, մրցանակը ստանալու պահը շատ հուզիչ էր, մտքովս երբեք չէր անցնի, որ կարժանանամ այդ պատվին, թեեւ ինձ համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրին մասնակցելն արդեն իսկ մեծ հաղթանակ էր: «Ճանապարհ» ֆիլմն իմ դիպլոմային աշխատանքն էր, այն հաջողություն գրանցեց նաեւ ֆիլմի շուրջ հավաքված թիմի, մասնավորապես դերասաններ Սերգեյ Թովմասյանի եւ Անի Ղազարյանի շնորհիվ:
-Նաստասյա Կինսկիին առաջարկություն անելը ռիսկային քայլ չէ՞ր: Շատերը թերահավատ են, թե Կինսկին երբեւէ կնկարահանվի Ձեր ֆիլմում:
-Ես այդ րոպեին չեմ մտածել` ինչ է կատարվում ինձ հետ, կարելի է ասել` աֆեկտի տակ էի… Դե, Կինսկին հո հանրության առջեւ չէ՞ր ասի ոչ: Ինքս էլ մտածում էի, որ նա ասաց այո, անցավ-գնաց, բայց հետո այնպես ստացվեց, որ նա հիշեցրեց ինձ այդ մասին: Առայժմ այսքանը կարող եմ ասել: Ու թեեւ շատերը կարծում են, թե դա հեքիաթ է, ես առավել քան վստահ եմ, որ դա իրականանալու է: Ես ուզում եմ, եւ դա կլինի:
-Նաստասյա Կինսկիին որպես դերասանուհի, երբվանի՞ց եք ծանոթ, մի՞շտ եք համակրել նրան:
-Նրան՝ որպես դերասանուհու, հիշում եմ դեռեւս «Նվաստացվածներն ու անարգվածները» ֆիլմից, այդ ժամանակ ես տարիքով փոքր էի, սիրահարված էի նրան, անգամ կարծում էի, թե կամուսնանամ նրա հետ. դա մինչեւ այսօր հիշում եմ: Իհարկե, տեսել եմ նաեւ Կինսկիի մասնակցությամբ մի շարք այլ ֆիլմեր, կարծում եմ, որ նա շատ մեծ եւ ուժեղ դերասանուհի է, հոլիվուդյան մի շարք աստղերից շատ ավելի բարձր է:
-Կինսկիի մասնակցությամբ ֆիլմը, բնականաբար, մեծ գումարներ կպահանջի, ինչպե՞ս եք պատրաստվում հոգալ այդ ծախսերը:
-Եթե նա վերջնականապես համաձայնի նկարահանվել տվյալ դերում, գումարը խնդիր չի լինի, հովանավորչություն կլինի, կարծում եմ` կգտնվեն մեծահարուստներ, որոնք կֆինանսավորեն այդ ֆիլմը: Պարզապես Կինսկիի մասնակցությամբ ֆիլմն այն փուլում չէ, որ արդեն գումարի մասին մտածեմ: Ես հիմա աշխատում եմ իմ երկրորդ կարճամետրաժ ֆիլմի վրա, սպասում եմ Ազգային կինոկենտրոնի աջակցությանը, որպեսզի սկսեմ նկարահանումները: Ուզում եմ աստիճանաբար մոտենալ լիամետրաժ ֆիլմին:
-Ինքներդ էլ նկատել եք, որ կարճամետրաժ ֆիլմերը Հայաստանում միայն փառատոնների շրջանակներում են հաջողություններ ունենում: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է դրանք ավելի մասսայական դարձնելու ուղին:
-Դրա համար պրոդյուսերական լուրջ մոտեցում է պետք: Գոյություն ունի «փաթեթային կինո», որը թույլ է տալիս մի քանի կարճամետրաժ ֆիլմեր վերցնել եւ միասին մատուցել հանդիսատեսին, որպեսզի վերջինս էլ չփոշմանի իր տրամադրած ժամանակի եւ գումարի համար: Ամբողջ աշխարհում հենց այդպես էլ արվում է: Կարճամետրաժ ֆիլմերը մասսայական դարձնելու արդյունավետ միջոց է համացանցը, իսկ, ահա, հեռուստատեսությունում դրանք, ցավոք, պահանջարկ չունեն:
-Դուք, լինելով Համազգային թատրոնի դերասան, հանրության առավել լայն հատվածին հայտնի եք սերիալների եւ արդեն նաեւ` Ձեր վերջին հաղթանակի շնորհիվ…
-Դե, բնական է, որ մասսայականություն վայելող ծրագրերն ավելի մեծ ճանաչում են բերում դերասանին, ինքս նորմալ եմ վերաբերվում սերիալներին, բայց նաեւ այն կարծիքին եմ, որ հաջորդ նկարահանվող սերիալը պետք է ավելի լավը լինի, քան նախորդը: Այսօր Հայաստանում սիթքոմները շատ ավելի հաջողված են, քան այն սերիալները, որոնք պարունակում են դրամատիզմ եւ ողբերգություն: Ինչ վերաբերում է թատրոնին, կարծում եմ` ինձ այնտեղից էլ գիտեն: Ի դեպ, աշնանը մեր թատրոնում կսկսենք զբաղվել նոր բեմադրությամբ, այնպես որ, սպասեք նորությունների:
Հ1-Ը ՀԱՇՎԻ ԿԱՌՆԻ՞ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ
Արդեն մի քանի օր է` Change.org կայքում ստորագրահավաք է անցկացվում` «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին որպես Հայաստանի ներկայացուցիչ երգչուհի Թամար Կապրելյանին ուղարկելու պահանջով: Ըստ կազմակերպիչների` մեծ թվով մարդիկ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ավստրալիայից, ուզում են Թամարին կրկին տեսնել եվրատեսիլյան բեմում, եւ նրանց թիվն աստիճանաբար ավելանում է: Ստորագրողները կոչ են անում Հանրային հեռուստաընկերությանը հաջորդ տարվա մասնակցին ընտրելիս հաշվի առնել հանրային կարծիքը:
Նշենք, որ ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 300 հոգի: Ինքը` Թամարը, ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ստորագրահավաքին, գրել է. «Նրանք, ովքեր կազմակերպել են սա, պարզապես հրաշալի բան են արել, ոչ թե որովհետեւ խնդրում են ինձ համար, այլ որ իրենց ընտրությունն են առաջ տանում: Սուպեր առաջադեմ եւ ժողովրդավար քայլ: Միացե՛ք, աջակցե՛ք, տարածե՛ք»:
«Ժողովուրդ»-ը Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնից հետաքրքրվեց` որն է Հ1-ի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, եւ որն է հեռուստաընկերության պատասխանը՝ երգչուհու երկրպագուներին, արդյոք Հ1-ը նպատակահարմար կգտնի Թամար Կապրելյանին երկրորդ անգամ ուղարկել միջազգային մրցույթին, եւ ինչից է կախված այդ որոշումը:
«Մեծերի «Եվրատեսիլ»-ի մասին Հանրային հեռուստաընկերությունն առավել մանրամասն տեղեկատվություն կկարողանա տրամադրել սեպտեմբերին: Դեռ վաղ է որեւէ բան ասել այդ մասով: Այս պահին չի քննարկվում, թե ով է գնալու մեծերի «Եվրատեսիլ»-ին: Մենք բոլոր կարծիքներին, քննարկումներին ու առաջարկներին ծանոթ ենք, իսկ թե ինչպիսին կլինի ընտրությունը, ցույց կտա ժամանակը, եւ բոլորն այդ մասին կիմանան»,-պատասխանեց Հ1-ի PR մենեջեր Արուսյակ Զախարյանը:
Հիշեցնենք, որ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանն այս տարի Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում` Genealogy խմբի կազմում: Նա ճանաչվեց «Eurovision՚s Next Top Model»` հաղթելով Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա մրցույթում, որը քվեարկություններ է կազմակերպում` պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն եւ երգչին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԶՈՒԲԻՆ ՄԵԹԱՆ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ
Լեգենդար հնդիկ դիրիժոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր եւ Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»-ում աստղ ունեցող Զուբին Մեթան իր ղեկավարած Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ շուտով կայցելի Հայաստան: «Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիրիժորի ղեկավարությամբ տեղի կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Նշենք, որ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները եւ հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոններում:
ԱՍՏՂԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ամերիկացի դերասան Ալեքս Ռոկկոն մահացել է 70 տարեկան հասակում: Ռոկկոյի մահվան մասին Facebook-ում հայտնել է դուստրը` Ջենիֆերը, որը ոչ մի մանրամասն չի ներկայացրել կատարվածի մասին:
Նշենք, որ Ալեքս Ռոկկոն իր դերասանական կարիերայի ընթացքում նկարահանվել է տասնյակ ֆիլմերում: Սակայն հանդիսատեսին դերասանը հայտնի է «Կնքահայրը» ֆիլմում խաղացած Մո Գրինի դերակատարմամբ: Ռոկկոն աշխատում էր կրկնավորման եւ հնչյունավորման ոլորտում: Իսկ 1990 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ` «Հանրահայտ Թեդի Զի» սերիալում խաղացած դերի համար:
ՄՈՒՐԸ` ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Դեմի Մուրի տան լողավազանում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ինչպես գրում է The Mirror-ը, 21-ամյա տղամարդը, հավանաբար, շաբաթ օրը՝ հուլիսի 18-ին կազմակերպված երեկույթի հյուրերից էր: Տղամարդու դին հայտնաբերվել է կիրակի առավոտյան՝ հուլիսի 19-ին: Այդ պահին Մուրը գտնվում էր Նյու Յորքում:
Ոստիկանությունը հայտնում է, որ երեկույթին մասնակցում էին հինգ հոգի, որոնցից մեկը Մուրի օգնականն էր: Այժմ հետաքննություն է անցկացվում` պարզելու համար, թե արդյոք դերասանուհին տեղյակ է եղել իր տանը կազմակերպված միջոցառման մասին: