Արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում լայն թափով շարունակվում են հիմնական մասնաշենքի վերակառուցման և եռահարկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ այցելեց շինհրապարակ, աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Արդիականացված կենտրոնում արդեն մեկնարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, ISO և GMP միջազգային պահանջներին բավարարող Ցողունային բջիջների և Ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծման աշխատանքները: Արմեն Մուրադյանը ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ զրույցում կարևորեց իրականացվող աշխատանքների բարձր որակի, ինչպես նաև ժամկետների և անվտանգության կանոնների պատշաճ ապահովումը: Նախարարին ներկայացվեցին 2014 թվականի ապրիլից մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ: Հիմնանորոգվող յոթ հարկանի բուժական մասնաշենքում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները, ինչպես նաև ավարտվել են եռահարկ մասնաշենքի երեսպատման աշխատանքները:
Նշենք, որ կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում: