Ամերիկյան դիվանագիտական արխիվի հերթական փաստաթուղթը՝ հրապարակված «Վիկիլիքս»-ի կողմից, պատմում է 2010թ. հունվարի 21-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Մարի Յովանովիչի եւ հայաստանյան օլիգարխիայի՝ այսօր արդեն նախկին ներկայացուցիչ Միխայիլ Բաղդասարովի հանդիպման մասին: Զեկուցագրի հեղինակը դեսպանն է, որ հաղորդում է Բաղդասարովի հետ իր զրույցի մանրամասները՝ ներկայացնելով զրուցակցի կարծիքը Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության շուրջ: Հետաքրքիր է, որ Բաղդասարովի տեսակետները Յովանովիչը վերագրում է հենց Սերժ Սարգսյանին՝ համոզված լինելով, որ Բաղդասարովը կա՛մ գտնվում է Սարգսյանի համոզմունքների ազդեցության ներքո, կա՛մ նպատակադրված կերպով իրենց՝ ամերիկացիներին է փոխանցում Սերժ Սարգսյանի մեսիջները:
Նախ եւ առաջ փաստաթղթում հեղինակը ներկայացնում է Բաղդասարովի բիզնես կապիտալը՝ նրան համարելով Հայաստանի առաջատար գործարարներից մեկը: Ուշագրավ է դիվանագետի ձեւակերպումը, ըստ որի՝ Բաղդասարովը տիրապետելիս է եղել բենզինի ներկրման մենաշնորհի եւ տարբեր շրջանակների ընկալումներում հանդես է եկել իբրեւ Սերժ Սարգսյանին ամենամտերիմը կանգնած մի օլիգարխ, որը հաճախ է հանդիպում Սարգսյանի հետ: Յովանովիչը հավելում է, որ Բաղդասարովի կարծիքը կարելի է համարել հենց Սերժ Սարգսյանինը, կամ այն ամենի եզրահանգումը, ինչ քննարկել են Բաղդասարովն ու Սարգսյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ Բաղդասարովը կարծիք է հայտնել, որ թուրքերը վավերացնելու են արձանագրությունները, ինչի արդյունքում Հայաստանը շահելու է տնտեսապես, իսկ Թուրքիան՝ քաղաքականապես: Եթե շարունակենք Յովանովիչի տրամաբանությամբ, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ձեռնարկել էր մի գործընթաց, որի արդյունքում Թուրքիան քաղաքական մեծ օգուտներ էր ունենալու: Այս դեպքում «Համահայկական հռչակագրի» պահաջատիրության քրմերը գուցե պատասխա՞ն պահանջեն Սերժ Սարգսյանից, որը մե՛րթ օժանդակում է Թուրքիայի քաղաքական հզորացմանը, մե՛րթ հանդես գալիս պահանջատիրության դիրքերից՝ ցուցադրելով իսկական «հայրենասիրական» կեցվածք:
Ինչեւէ, Բաղդասարովը պնդել է, որ Հայաստանի բոլոր բիզնեսմենները, բացի «մեկ-երկու անգրագետից», աջակցում են հարաբերությունների կարգավորմանը: Նրա պնդմամբ՝ ռեալ չէ, որ Հայաստանը վավերացնի, քանզի մարդիկ սպասում են, որ առաջինն այդ քայլը կանի «ուժեղ» պետությունը: Չնշելով հանդերձ, թե իշխանության մեջ ում նկատի ունի՝ «անգրագետ բիզնեսմեն» ասելով, Բաղդասարովը, փաստորեն, ընդունում է, որ Թուրքիան ավելի հզոր է, քան Հայաստանը: Հուսանք սա էլ Սերժ Սարգսյանի կարծիքը չէ, հակառակ դեպքում «Համահայկական հռչակագիրը» ընթերցելիս Սերժ Սարգսյանի հոխորտանքը Թուրքիայի հասցեին պարզապես զավեշտի է վերածվում:
Բաղդասարովն ամերիկացիների համար անակնալ հայտարարել է, թե Հայաստանը չի կարող շարունակել ապավինել Ռուսաստանին, եթե հարցն առնչվում է Թուրքիային: Ըստ նրա՝ Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկզբում Հայաստանի կողքին էր, սակայն տվյալ պահին ավելի շատ թուրքերի հետ է: Դեսպանի նկատառմանը, թե Պուտինն ու Լավրովը հրապարակայնորեն սատարել են Հայաստանին ԼՂ հարցի հետ գործընթացը չկապելու տեսանկյունից, Բաղդասարովն արձագանքել է, որ դրանք լոկ հրապարակային խոսքեր են: Յովանովիչն այս հարցում տեսնում է Սերժ Սարգսյանի ստվերը եւ կարծում, որ Սարգսյանի հորդորով է Բաղդասարովն իրենց փոխանցել այս մեսիջը:
Բաղդասարովն ասել է, որ միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին չպետք է շատ ճնշի ԼՂ հարցով: Նրա պնդմամբ՝ Հայաստանում թեպետ սատարում են հայ-թուրքական գործընթացին, սակայն մտավախություն կա ԼՂ հարցում անհարիր զիջումների կապակցությամբ: Բանախոսը հավելել է, որ Տեր-Պետրոսյանն իշխանությունից հեռացավ միայն նրա համար, որ ԼՂ հարցում շատ հեռուն գնաց՝ ցուցաբերելով մեծ արագություն: Նա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանն էլ նույն բախտին կարող է արժանանալ, եթե արագացնի պրոցեսը: Հատկանշական է, որ այստեղ եւս դեսպանը Սերժ Սարգսյանից մեսիջ է տեսնում: Ի դեպ, Բաղդասարովը հայտնել է, որ խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանին բնակեցնել ազատագրված տարածքները, սակայն վերջինս չի համաձայնել: Հերթական «ազգային» մոտեցումը պահանջատիրության «մեծագույն» ջատագով Սերժ Սարգսյանի կողմից:
Վերջում խոսելով ՀՀ ներքաղաքական վիճակի մասին՝ Բաղդասարովը, ի տարբերություն ամերիկացիների հետ իր նախորդ հանդիպմանը, սկսել է գովել Տիգրան Սարգսյանի վարչապետությունը: Նա նկատել է, որ ՀՀԿ անդամ դառնալով՝ Տիգրան Սարգսյանն իր քաղաքական կարիերայի երազանքում մեկ քայլ առաջ է գնացել: Իր վարչապետին ՀՀԿ-ականացնելու Ս. Սարգսյանի քայլն էլ Բաղդասարովը պատճառաբանել է կուսակցության ներսում դժգոհություններ թույլ չտալու հանգամանքով: Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում պահելու Սերժ Սարգսյանի շահագրգռվածությունն էլ Բաղդասարովը բացատրել է նրանով, որ նա կարողանում է արտասահմանցիների հետ հարաբերություններ հաստատել ու համոզել պարտքերը վճարելու Հայաստանի պատրաստակամության մեջ: Սերժ Սարգսյանի երբեմնի սիրելի օլիգարխը հավելել է, որ Կառավարությունը վատ է աշխատում հստակ ռազմավարություն չունենալու ու բազմակուսակցական կազմ ունենալու համար:
Նկատենք, որ Բաղդասարովի՝ առնվազն այս վերջին դիտարկման իսկությունը հերքվեց հենց վերջին երեք տարիների փորձով, երբ Կառավարության գործունեության իրական պատկերը անգամ չեն կարողանում թաքցնել իշխանությունների հրապարակած վիճակագրությունում:
Ն. Հովեսփյան