ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՅԱՑԱՎ. ՄՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի գործընթացը այս տարվա սեպտեմբերին է տեղի ունենալու, «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս մարտ ամսին: Այն ժամանակ արդեն հայտնի էր, որ ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանի մասնագետները ուսումնասիրում են ՀԷՑ-ը, եւ այդ գործընթացը ավարտվելու է սեպտեմբերին, ու հենց այդ ժամանակ էլ որոշվելու է գործարքի հետագա ճակատագիրը: Երեկ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես ազդարարեց, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է իրենց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու համաձայնություն ստանալու համար: Կառավարության եզրակացությունը կտրվի մոտ մեկ շաբաթից: Այսինքն՝ ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պայմանագիրը ուժի մեջ կմտնի, եւ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվի ընկերությունը հին սեփականատիրոջից նորին փոխանցման գործընթացը: Գործարքի արժեքը դեռեւս չի հրապարակվում, սակայն, մեր տեղեկություններով, այն մոտ կես միլիարդ դոլար է կազմում, որի մոտ 300 միլիոնը ՀԷՑ-ի պարտքերն են: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀԷՑ-ի պարտքերի մարման համար անհրաժեշտ 300 մլն դոլարը` վարկի տեսքով, կստանա ընկերությունը՝ ՌԴ Կառավարության երաշխավորությամբ:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԷՑ-ի նոր գնորդը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Վերջինիս եղբայրը` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ տեղեկությունները:

 

 

 
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ լուր տարածեցին, որ իբրեւ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար հանդես եկող Վահան Մարտիրոսյանն իրենց երկրում ապաստան է խնդրել: Տեղի ունեցածը կարեւոր է երկու տեսանկյունից: Նախ՝ այս պատմությունը ցույց է տալիս, թե ներկայիս լրատվական դաշտն ինչպես է ոչնչից «հանրային դեմք» սարքում: Մարդը գալիս եւ հայտարարում է, որ ինքն այսինչ «շարժման» ղեկավարն է, եւ մենք՝ լրատվամիջոցներս, սկսում ենք նրա քարոզչությունն իրականացնել, ու կարճ ժամանակ անց տվյալ անձը դառնում է հանրությանը հայտնի, դեռ ավելին՝ քաղաքացիական ակտիվիստ: Խնդրի մյուս կողմը ՀՀ իրավապահների գործելաոճն է: Սեպտեմբերի 4-ին Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասով` հափշտակություն, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությունը: Քանի՞ լումա արժեն քննիչների «խափանման միջոցը», ուշացած հետախուզում հայտարարելը, եթե մարդը դրանից հետո կարող է ազատ հեռանալ Հայաստանից:

 

 

 

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Բանն այն է, որ նա նախօրեին ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մարալիկում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողներին էլէներգիայի վարձի վճարման կտրոններ են բաժանվել: Նա ասել էր նաեւ, որ պատրաստ է նույնիսկ ցույց տալ այդ «չեկերի» օրինակները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ մի քանի պատգամավորներ՝ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, մի շարք հեղինակություններ՝ Երեւանից ու Մարալիկից երեկ Արամ Մանուկյանին 2 օր ժամանակ են տվել՝ պահանջելով կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում անել, «Ժողովուրդ»-ի այս հարցին Մանուկյանն ասաց. «Ես քաղաքական հայտարարություն եմ արել եւ կներկայացնեմ նաեւ փաստաթղթերը»: Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ Ա. Մանուկյանին այդ լուրը փոխանցել են Մարալիկի ՀԱԿ եւ ԲՀԿ գրասենյակներից:

 

 

 
Այս տարվա օգոստոսի 23-ին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի, 058 00 11 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկվել 28-ամյա Էդգար Սնխչյանը: Ավտոմեքենայի ղեկին գտնված անձը դեպքի վայրից փախուստի էր դիմել: Որոշ ժամանակ անց իրավապահներին էր ներկայացել Կարեն Ավագյանի եղբայրը` Արթուր Ավագյանը եւ հայտարարել, որ վրաերթի պահին ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել: Արթուր Ավագյանը Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի պրոռեկտորն է: Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, թե լուրջ կասկածներ ունի, որ իրականում իրեն վրաերթի ենթարկողը հենց Կարեն Ավագյանն է եղել: Պարզվում է՝ Ավագյան եղբայրները խոստացել են հոգալ երիտասարդի բուժման բոլոր ծախսերը եւ փոխհատուցել կրած վնասները: Սակայն քրեական պատասխանատվությունից ազատելու փաստաթղթային ձեւակերպումից հետո եղբայրներն «անհետացել» են` հրաժարվելով հոգալ վրաերթի ենթարկված երիտասարդի հետագա բուժման ծախսերը՝ նրան թողնելով թշվառ վիճակում: Էդգարը դիմել է ՀՀ դատախազություն:

 

 

 

 
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԱԽԻՑ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երեկ Ֆեյսբուքում հանդես է եկել հերթական գրառմամբ` նշելով, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից,- իր ընկերներից մեկի դատողությունը երկրորդում է Օսկանյանը` նշելով,- իրոք, այս փոփոխությունների ելակետը, գլխավոր նպատակը, էությունը նախագահի պաշտոնի վերացումն է: Ոչ թե նրա համար, որ այն պետք չէ, այլ որովհետեւ ինչ-որ մեկի, մի խումբ մարդկանց եւ/կամ քաղաքական ուժի այլեւս ձեռնտու չէ դա»:
Իհարկե, դժվար է չհամաձայնել նախկին արտգործնախարարի այս պնդման հետ` մի փոքրիկ վերապահությամբ միայն. խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը տվյալ դեպքում ավելի շատ վախենում է ոչ թե հաջորդ Սերժ Սարգսյանից, այլ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ առաջադրումից: Ինչպես հիշում ենք՝ անցած տարի՝ ապրիլի 10-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մշակման մեկնարկի մասին եւ նշեց, որ գործընթացի հիմնական խնդիրներից մեկն էլ լինելու է որեւէ ղեկավարի` երկու ժամկետից ավելի պաշտոնավարելու հնարավորության բացառումը, ընդամենը մի քանի օր անց` ապրիլի 22-ի իր հարցազրույցում, (ի դեպ, մինչ օրս սահմանադրական փոփոխությունների թեմայով միակ) Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց, որ ներկայումս Սահմանադրության փոփոխության բերված պատճառաբանությունները հեղհեղուկ են եւ ոչ համոզիչ` շեշտելով, որ Ս. Սարգսյանի ասած խնդիրը լուծելու համար Սահմանադրությունը վերաձեւելու կարիք չկա. «Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ»: Այնուհետեւ Քոչարյանը արեց մի հավելում, որն էլ, ըստ էության, կանխորոշեց ներկայացված Սահմանադրության նախագծի բովանդակությունը: Նա, մասնավորապես, ասաց.«Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող եւ այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»:
Այսպիսով` Քոչարյանը հասկացրեց, որ այդ փոփոխությունը որեւէ կերպ չի կարող ադրադառնալ իր` երրորդ անգամ առաջադրվելու իրավունքի վրա` ըստ էության, ակնարկելով իր նմանօրինակ մտադրության մասին: Եվ քանի որ նա միանգամայն իրավացի էր, Սերժ Սարգսյանը հրահանգեց մշակել նոր Սահմանադրության այնպիսի նախագիծ, որով նախագահի ինստիտուտն ինքնին արդեն դառնալու է ոչ թե երկրորդական, այլ երրորդական, անգամ չորրորդական` այդպիսով նախագահի պաշտոնում առաջադրումն ինքնին անհեռանկարային եւ անհետաքրքիր դարձնելով Ռոբերտ Քոչարյանի համար:
Եվ հիմա Ռոբերտ Քոչարյանի համար «երբեք չասելու» միակ հնարավորությունը մնում է ամեն գնով այս սահմանադրական փոփոխությունների վիժեցումը:




Լրահոս