Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը պատրաստվում է թատրոնի 150-ամյակին նվիրված միջոցառումներին: Թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 25-ին: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ շատ կարեւոր է` միջոցառումների ընթացքում այդ 150 տարիների ձեռքբերումների մասին խոսելը եւ հիշեցնելը, թե ինչ լեգենդներ են դուրս եկել թատրոնից:
Ռեժիսորի խոսքով` 150-ամյակին նվիրված ամենակարեւոր իրադարձությունը իրենց թատրոնի մեջ եւս մեկ` Մհեր Մկտրչյանի անունը կրող թատրոնի բացումն է. նոյեմբերին կկայանա առաջնախաղը. «Մեր թատրոնի ներսում մեծ փորձասենյակ կա, որտեղ բեմ է սարքվել, այսինքն` ստեղծվել է թատրոն` թատրոնի մեջ: Այն կծառայի ուսանողներին, ինչպես նաեւ` հենց մեզ. շատ են լինում ներկայացումներ, որոնք փոքր բեմի համար են, սա կլինի լավ տարբերակ»,-ներկայացրեց Լ.Հարությունյանը:
Նրա խոսքով` միջոցառման շրջանակներում իրենք փորձելու են Գյումրու թատրոնի 150-ամյա պատմությունը քաղաքի շրջանակներից դուրս հանել` հյուրախաղերի, գրքերի եւ ֆիլմերի միջոցով:
«Մենք մի մեծ ցանկություն էլ ունենք. երկար ժամանակ է` շուրջ 20 տարի, մեր թատրոնում Շեքսպիր չի բեմադրվել: Ուզում ենք դա բարձր մակարդակով իրականացնել, կարծում ենք` իրավունք ունենք «մոտենալ» Շեքսպիրին»:
Ռեժիսորի վստահեցմամբ` իրենք անում են ամեն բան` 21-րդ դարի պահանջներին համապատասխան թատրոն ունենալու համար: Իսկ նպատակը մեկն է` գյումրեցուն վերադարձնել թատրոն. «Գյումրեցին սոցիալական վատ վիճակից ելնելով` հեռացել էր թատրոնից, հիմա մենք հետ ենք վերադարձնում հանդիսատեսին: Փորձում ենք հաղթահարել այդ խնդիրը: Մարդիկ քաղաքում քչացել են, արտագաղթել են, այնինչ՝ Գյումրին ժամանակին շատ ավելի մեծ բնակչությամբ քաղաք է եղել, փորձում ենք այնպես անել, որ արտագաղթը չազդի թատրոնի վրա, կարծում ենք` եթե ճիշտ աշխատենք, էլ ավելի մեծ թվով հանդիսատեսի կվերադարձնենք մեզ մոտ»,-նշեց Լ.Հարությունյանը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԳՐԱՆ ՊՐԻ»-Ի
Սոֆիայում կայացած «Գրան Պրի 2015» (SOFIA GRAND PRIX¬ 2015) միջազգային մրցույթում «Գրան Պրի» մրցանակին է արժանացել Հայաստանը ներկայացնող երգչուհի Լեոնորան: Սեպտեմբերի 13-17-ին կայացած մրցույթում 18-ից բարձր տարիքային խմբի «Դասական վոկալ» անվանակարգում եռագույնի ներքո հանդես է եկել ծնունդով գյումրեցի, լիրիկ սոպրանո Լեոնորան: Այս նախագծին մասնակցելու առաջարկը երգչուհին ստացել էր «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»-ի կողմից, իսկ Սոֆիա մեկնելու ծախսերը հոգացել է հովանավորը՝ ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը: «Մրցույթը բավական թեժ էր մինչեւ վերջին րոպեն, լավագույն երգիչներ են մասնակցել 10 երկրներից, բայց Լեոնորային հաջողվել է «Դասական վոկալ» անվանակարգում գրավել առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող»,-այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Լեոնորայի ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը, ով նաեւ երգչուհու պրոդյուսերն է:
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՈՎ
Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ հայտնի մոդել Stella Maxwell-ը լուսանկարվել է Vogue Russia-ի հոկտեմբերյան համարի շապիկի համար:
Հայ ընթերցողի համար ամենահետաքրքրական փաստը թերեւս այն է, որ ֆոտոշարքն արվել է Երեւանում՝ «Վերնիսաժ»-ում եւ Հանրապետության հրապարակում` հայազգի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի կողմից:
ՕԳՆԵԼՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ
Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի Wake Up the Souls շրջագայության, ինչպես նաեւ Երեւանում ապրիլի 23-ին տեղի ունեցած համերգի ժամանակ, նոյեմբերի 8-ին աճուրդի կհանվի Լոս Անջելեսում կայանալիք «Օրրան» բարեգործական ՀԿ դրամահավաք-ճաշկերույթին. այս մասին ասված է «Օրրան»-ի տարածած հաղորդագրության մեջ։
System of a Down ռոք խումբը օգնում է կարիքավոր երեխաներին եւ տարեցներին Վանաձորում, որն իր մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաքն է եւ ունի գործազրկության եւ աղքատության բարձր մակարդակ:
Խմբի անդամները SOAD վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերել են «Օրրան»-ին` օժանդակելով վերջինիս իրականացնելու աղքատ կենսապայմաններ ունեցող ավելի քան 200 երեխաներին եւ 100 տարեցներին ուղղված բարեգործական ծրագրերը: Այդ վերնաշապիկներից մեկի էսքիզը խմբի մենակատար Սերժ Թանկյանի մտահղացումն է եղել: Վերնաշապիկների վրա պատկերված նկարները հիշատակել են Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Խումբը մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով գումար է հանգանակել «Օրրան»-ի համար: