ԲՀԿ-Ն ՊԱՇՏՈՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՉԻ ՔԾՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ քաղխորհրդի
եւ խմբակցության համատեղ նիստի բացման խոսքում Գագիկ Ծառուկյանը, ըստ «Ժամ»
էլեկտրոնային պարբերականի, ասել է. «Ես ուզում եմ` բոլորդ հստակ իմանաք. ժողովրդին
տրված մեր խոստումներից ու մեր ծրագրերից մեկ քայլ անգամ մենք հետ չենք կանգնելու:
Ինձ եւ իմ թիմին ո՛չ պաշտոններ են պետք, ո՛չ էլ ինչ-որ արտոնություններ: Ժողովրդի
վիճակը ծանր է: Մենք բոլորս դա տեսնում ենք` ամեն օր, ամեն քայլի: Մարդիկ չունեն
հնարավորություն նորմալ աշխատելու, իրենց ընտանիքները արժանապատիվ պահելու,
երեխային մեծացնելու, կրթելու, ծնողներին արժանապատիվ ծերություն ապահովելու:
Մարդիկ հուսալքությունից գնում են մեր երկրից: Մենք Հայաստանի իրականության մասին
գիտենք ոչ թե կառավարության հայտարարություններից ու որոշումներից, այլ մարդկանց
հետ ամեն օր շփվելով, հանդիպելով, նրանցից լսելով, թե որ ոլորտում ինչ է կատարվում:
Ամեն օր մի նոր սոցիալական խավ բողոքի է դուրս գալիս: Մի օր տաքսիստները, մի օր
ատամնաբույժները, մի օր կրպակատերերը, մի օր փոքր բիզնեսի ներկայացուցիչները, մի
օր երիտասարդները: Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ: Հիշեք, մենք` ես ու
դուք, ԲՀԿ-ն` միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք»:
Ելույթ են
ունեցել Ն. Զոհրաբյանը, Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանը, Գ. Արսենյանը, Ս.
Մարգարյանը, Վ. Բաբայանը եւ այլք:
Վ. Օսկանյանին
Ծառուկյանն առաջարկել է գլխավորել ԲՀԿ արտաքին կապերը եւ հարուստ փորձը ներդնել
կուսակցության եւ երկրի միջազգային վարկի բարձրացման վրա: Ընդունել է Վ.
Հովհաննիսյանի առաջարկը` կուսակցության ներսում նոր կառույց ստեղծելու վերաբերյալ:
Օպերատիվ կառավարման մարմինը գործելու է ԲՀԿ նախագահին կից եւ կայացնելու է
ընթացիկ եւ հրատապ հարցերի վերաբերյալ խորհրդատվություններ եւ որոշումներ: Ս.
Մարգարյանին Ծառուկյանը առաջարկել է կենտրոնանալ հայ-վրացական հարաբերությունների
եւ Ջավախքի խնդիրների վրա:
Վերջում ԲՀԿ
ղեկավարը ամփոփել է . ««Բարգավաճ Հայաստան»-ը դրա համար է ստեղծված, եւ մենք
ժողովրդից ձայն ենք ստացել դրա համար: Ու ոչ թե իրար կամ կողքիններին քծնելու,
պաշտոններ ուզելու ու սեփական շահի համար: Սա է այս կուսակցության օրենքը, խաղի
կանոնը: Ով համաձայն չէ, խնդրեմ, դուռը բաց է: Հանգիստ կարող են գնալ»:
Չնայած  
ԲՀԿ նիստում Երեւանի ավագանու ընտրությունների հարցը չի քննարկվել, սակայն այս
պահի դրությամբ ԲՀԿ-ում տիրող տրամադրությունների եւ նախնական քննարկումների
արդյունքում շրջանառվում է երկու անուն, որոնք կարող են գլխավորել ԲՀԿ ցուցակը`
Վարդան Օսկանյան եւ Գուրգեն Արսենյան:
Այս
կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ
ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ:
-Պարո՛ն
Արսենյան, ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ խորհրդի նիստից առաջ Դուք եւ Գագիկ
Ծառուկյանն առանձնազրույց եք ունեցել, որի ընթացքում ԲՀԿ առաջնորդը Ձեզ առաջարկել
է գլխավորել Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը, սակայն Դուք չեք
համաձայնել:
-Դուք գիտեք, որ
ես մարդկանց երբեք չեմ խաբում, ուրեմն ո°չ նիստից առաջ եւ ո՛չ էլ նիստից հետո ես
պարոն Ծառուկյանի հետ անձնական շփում չեմ ունեցել: Որպեսզի պատկերացնեք իրավիճակը,
ասեմ, որ ես գնացել եմ նիստին, 14:50-ին մտել եմ դահլիճ, եկել է պարոն Ծառուկյանը,
նիստի ավարտից հետո ես դուրս եմ եկել ու գնացել հիվանդանոց մեր ընկերոջը` Ռուբեն
Գեւորգյանին այցելության: Ընդամենը այսքանը, իսկ մնացած մեկնաբանությունները
հորինվածք են:
-Ըստ մեր ունեցած
տեղեկատվության` Գ. Ծառուկյանը նաեւ ասել է, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու համար
Դուք պետք է ԲՀԿ անդամ դառնաք…
-Ես Ձեզ արդեն
ամեն ինչ ասացի, ես անձամբ ասում եմ, որ ես նիստից առաջ պարոն Ծառուկյանին չեմ
հանդիպել, նիստի ավարտից հետո պարոն Ծառուկյանի հետ չեմ խոսել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս