«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ռուս և ամերիկացի խաչակիրներին» սուրբ պատերազմով է սպառնում, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ահաբեկիչների մամուլի քարտուղար Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի տեսահաղորդագրությանը, որը հայտնվել է համացանցում:
Տեսահաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է ռուսների և ամերիկացիների հետ պայքարի մասին, ովքեր «խաչակրաց արշավանք են սկսել մուսուլմանների դեմ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիայում իսլամիստների դիրքերի ուղղությամբ սկսեց առաջին ավիահարվածներն՝ աջակցություն ցուցաբերելով երկրի կառավարությանը: Ավիացիոն խմբի կազմում ավելի քան 50 ինքնաթիռներ և ուղղաթիռներ էին՝ ներառյալ Սու-24Մ, Սու-30ՍՄ, Սու-25 և Սու-34:
Բացի Ռուսաստանից, որն աջակցություն է ցուցաբերում սիրիական բանակին, ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան ևս ավիահարվածներ է հասցնում իսլամիստների դիրքերի ուղղությամբ: