Արդեն հայտնել էինք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է Հայաստանում կուսակցություն ստեղծել և վերադառնալ քաղաքականություն: Վերջինը երկար տարիներ գլխավորում է միությունը և մշտապես աշխատել է Ռուսաստանում և ինքն էլ այսօր չթաքցրեց, որ կատարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր հանձնարարությունները:
Armlur.am-ն այս առնչությամբ զրույցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց, որ շատ հանգիստ է վերաբերում այս հարցին: Նրա խոսքով, միակ խնդիրը Հայաստանի Սահմանադրությունն և կուսակցությունների մասին օրենքն է, որը քաղաքացիության ցենզ է պահանջում:
«Առավել ևս` պատգամավոր լինելու համար անհրաժեշտ է մշտական բնակություն, քաղաքացիություն, իսկ մնացած առումներով չեմ կարծում խնդիր լինի, այն պարզ պատճառով որ Հայաստանի իշխանությունները ենթարկվում են Ռուսաստանի իշխանություններին»,-նշեց նա:
Մարտիրոսյանի խոսքով` Սերժ Սարգսյանն էլ է գովում Ռուսաստանի իշխանություններին: «Ոչ միայն գովում է, այլև ինչ ասում են` խելոք, հանգիստ կատարում է: Հո նորություն չի, դա նոր բան չի ավելացնում»,- հավելեց նա:
Արփինե Թովմասյան