«Այն, ինչ կատարվել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը». Պերմյակովը 14 տարեկանից թմրանյութ է օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 14 տարեկան հասակից Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, թմրամիջոցներ և ոգելից խմիչքներ է օգտագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ ռուսական կողմում կատարված փորձաքննությունների եզրակացություններում եղել են տվյալներ, որոնք հիմք են տալիս պնդելու, որ չի կարելի ասել, թե Վալերի Պերմյակովը լիովին առողջ անձնավորություն է և որ ունի լուրջ խնդիրներ: Փաստաբանը նշեց, որ շատ տարօրինակ կերպով ռուսական կողմի փաստաթղթերում նկարագրված էին փաստեր, որոնք հիմք էին տալիս դա պնդելու, և փաստաթուղթը կարդալիս տպավորություն էր, որ նա ունի որոշակի խնդիրներ:

Լուսինե Սահակյանի փոխանցմամբ՝ հայկական կողմի հոգեբանները և հոգեբույժները եզրակացրել են, որ Վալերի Պերմյակովը ունի խնդիրներ. ըստ եզրակացության՝ նա ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթոնման գծերով և հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները գտել են, որ նա մեղսունակ է: Ըստ Լուսինե Սահակյանի՝ փորձագետները եզրահանգել են, որ Վալերի Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաև հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով:

«Ամբողջ փաստաթղթում նրանք նկարագրում էին այդ իրավիճակները, որոնց ես կանդրադառնամ, սակայն հետո նշում են, որ նա լիովին առողջ անձնավորություն է և ոչ մի խնդիր չունի: Արդեն իսկ դատավարության ընթացքում, երբ ռուսական կողմում դատավարություն էր կատարվում, մեզ մոտ լուրջ կասկածներ առաջացան Պերմյակովի վարքի հետ կապված, որովհետև շատ տարօրինակ էր, որ ամբողջ օրվա ընթացքում անձն իրեն պահում էր այնպես, կարծես իր դատը չլիներ: Այս փաստաթղթերին ծանոթանալով՝ մենք հասկացանք, թե ինչու: Ես կոմպլեքս կանդրադառամ այդ փաստաթղթերին, որովհետև, ըստ էության, հայկական կողմն էլ նկարագրել է այն նույն բանը, ինչ նկարագրվել է ռուսական կողմում՝ հղումներ կատարելով համապաասխան փաստաթղթերին:

Մասնավորապես, այս եզրակացություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական բաժանմունքներում, այն բանից հետո, երբ զորակոչվել է բանակ: Մինչ դա էլ լուրջ կասկածներ են եղել նրա վարքի հետ կապված, և երբ նա արդեն իսկ զորակոչվել է բանակ, բանակում գտնվելու ընթացքում իրեն դրսևորել է այնպես, որ շատ տարօրինակ վարք է ունեցել: Մասնավորապես, աթոռով հարվածել է սպաներից մեկին միայն այն բանի համար, որ ըստ իրեն, նա խանգարել է իրեն և աթոռը քաշել է իր տակից: Ինքը, աթոռը վերցնելով, հարվածել է այդ սպային: Նաև սուիցիդալ որոշակի հատկանիշներ են նրա դրսևորվել: Ագրեսիա է նրա մոտ նկատվել, շատ դեպքերում նաև շատ տարօրինակ վարք:

Մասնավորապես, նրա համածառայակիցները նշում են, որ առնվազն 2-3 օր նա շատ տխուր էր, անընդհատ լացում էր, և երբ նրան հարցրել են, թե ինչումն է խնդիրը, նա ասել է, որ մայրը մահացել է: Եվ երեք օր լացելուց հետո, ըստ ծառայակիցների, նա մի կերպ հանդարտվել է, սակայն մենք գիտենք, որ նրա մայրը կենդանի է»:

«Հոգեբանները և հոգեբույժները եկել են եզրահանգման, որ հենց այսպիսի հատկանիշներով է պայմանավորված նրա վարքը և այն, ինչ կատարվել է իրականում»,- պարզաբանեց փաստաբանը:




Լրահոս