ԺՈՂՈՎՈՒՐԴ ՕՐԱԹԵՐԹԸ ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը վճռել է մերժել “Ժողովուրդ” օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը: 
Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը “Հայփոստ”-ի միջոցով ոմն Գուրգեն Աղաջանյանի անունով նամակ էր ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վերաբերյալ: “Ժողովուրդ”-ը զրուցել էր տիկին Կիրակոսյանի հետ եւ ներկայացրել նաեւ նրա մեկնաբանությունը: Մեր հրապարակման հաջորդ օրը խմբագրություն էր այցելել Գուրգեն Աղաջանյանը եւ հայտարարել, թե այդ նամակի հեղինակն ինքը չէ, այն ինչ-որ մեկը գրել է իր անունից: Ապա որոշել էր “վիրավորվել” Կիրակոսյանի եւ Մարկոսյանի փոխարեն եւ դատի տալ “Ժողովուրդ” օրաթերթին:
Նշենք, որ “Հայփոստ”-ից ստացած նամակի վրա առկա էր հասցե եւ հասցեատիրոջ անուն-ազգանունը, բազմաթիվ կնիքներ. մի խոսքով, այն ամենը, ինչ պահանջվում էր նամակի համար: Իսկ նամակը, որը հրապարակվել է “Ժողովուրդ”-ի 131-րդ համարում, այսպիսի բովանդակություն ուներ. “Կարինեն Աբովյան փողոցի իր բնակարանը ստացել է որպես կաշառք, եւ դժվար չէ պատկերացնել, թե դրա դեմ ինչպիսի խախտումներ են արել այդ գործի գիտակ Աշոտ Մարկոսյանի հետ, տիկին Կիրակոսյանը նման խարդախություններն իրականացնում է` հանրապետության ղեկավարության աչքերին թոզ փչելով”: Նամակում կոչ էր արված ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին` վարչությունը “մաքրել Աշոտ Մարկոսյանից եւ մի քանի նման տականքներից”: Նկատեցի՞ք՝ այս խոսքերը “վիրավորել” էին ոչ թե Մարկոսյանին կամ Կիրակոսյանին, այլ ոմն Աղաջանյանին: Դրա համար էլ Գուրգեն Աղաջանյանը դիմել էր դատարան՝ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել 800 հազար դրամ: Սակայն «վիրավորված» քաղաքացիները՝ Մարկոսյանն ու Կիրակոսյանը, գրեթե 2 տարվա ընթացքում ոչ մի անգամ դատական նիստի այդպես էլ չներկայացան: Եվ երեկ դատավորը որոշեց մերժել հայցը:
Տեղեկացնենք նաեւ, որ այսօր՝ ժամը 16:00-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու “X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի՝ “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ ներկայացրած հայցի քննությունը: Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար “Ժողովուրդ”-ի թղթակցին հայհոյել էր: Արդյունքում՝ “Ժողովուրդ” օրաթերթը եւ լրագրող Սոնա Գրիգորյանը Խաչատրյանին դատի էին տվել՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել: Եվ ահա մեկ ամիս սպասելուց հետո “X գրուպ” ընկերության սեփականատեր Խ. Խաչատրյանը որոշեց վիրավորվել եւ դատական հայց ներկայացնել “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Ս. Գրիգորյանի դեմ՝ իրեն վիրավորելու եւ զրպարտելու դիմաց պահանջելով 6.2 մլն դրամի փոխհատուցում:




Լրահոս