«ՔԱՂԱՔԱՊԵՏՆ Է ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻՆ ԲԵՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Մարտի 10-ին Սեւան քաղաքում տեղի ունեցած քաշքշուկը սարքել էր Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: 
Պարոն Հակոբյանի հետ զրույցը ծնվեց մեր երեկվա հրապարակումից հետո, որտեղ նշել էինք, որ պատգամավորին ապտակել է Գեղարքունիքի մարզի Այրիվանքի համայնքապետ Դավիթ Բադոյանը: Սակայն Հակոբյանը պնդում է, որ իրեն չեն ապտակել, ավելին, հարվածները, որոնք գուցե եղել են, իրեն չեն հասել. «Ես հետ չէի գնացել, ծնկի եկել, որ հարվածեին: Չի եղել նման բան: Ուղղակի եղել է քաշքշուկ քրեական տարրերի կողմից: Իր կենսագրությամբ ոչ անհայտ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն էր քրեական տարրերին բերել լցրել հրապարակ, որպեսզի սադրեին: Քաշքշուկ սարքեցին: Աղմուկ բարձրացրեցին: Բայց ինձ որեւէ մեկը չի ապտակել: Ես վստահեցնում եմ ձեզ: Նույնիսկ այդ պահին ոստիկանները մոտեցան ինձ, ու ես դա ասել եմ նաեւ նրանց»:
Հիշեցնենք, որ նշված օրը` Սեւան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, մի խումբ մարդիկ հենց հրապարակում հայհոյանքներով ու բղավոցներով փորձել էին ԱԺ պատգամավորից «վրեժ լուծել» այն խոսքերի համար, թե «մարզում տղամարդ չկա, որ գա, կանգնի ու ասի՝ ես եմ արգելում բնակիչներին գալ հանդիպման»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ռուդիկ Ղուկասյանի հետ, որը, բնականաբար, հակադարձեց պատգամավոր Հակոբյանի մեղադրանքներին՝ փորձելով հերքել, թե ինքը չի կանչել քրեական տարրերին. «Ես ոչ ոքի չեմ բերել, եւ ոչ մի կրիմինալ մարդ էլ չկա Սեւանում: Ռուբեն Հակոբյանը շատ լավ գիտի այն մարդկանց, որոնք իրեն Սեւան քաղաքում քաշքշել են եւ հայհոյել: Ես փորձել եմ իրավիճակն այնտեղ կարգավորել եւ որպես քաղաքապետ՝ հանգստացրել եմ ներկաներին, անգամ մոտեցել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ասել, որ չպետք է թույլ տալ սխալ բան անել այստեղ: Իսկ այդ մարդիկ, որոնք եկել են Սեւան քաղաք, կրկնում եմ՝ Ռուբիկ Հակոբյանի հայրենի գյուղից են եկել, եւ Ռուբիկ Հակոբյանն էլ նրանց շատ լավ ճանաչում է: Իսկ Սեւան քաղաքում կրիմինալ գոյություն չունի»:
Այսպիսով՝ չնայած տեղի ունեցած հրապարակային քաշքշուկին, քաղաքապետի հրճվանքին, որ այլ բնակավայրերից մարդիկ եկել հասել են Սեւան՝ հայհոյելու ընդդիմության ներկայացուցիչներին, հայրենի իրավապահ մարմինները շարունակում են ձկան պես լուռ մնալ:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս