ՀՀԿ-ականները կրկին գործի են դրել հին ձայնասկավառակը` միաբերան կրկնելով, թե Երեւանի ավագանու ընտրություններում մյուս ուժերի միջեւ պայքարն ընթանալու է 2-րդ տեղի համար, քանի որ առաջին տեղը, միեւնույն է, զբաղեցնելու է ՀՀԿ-ն եւ չի հանձնելու Երեւանը:
Նկատենք` նման հայտարարություններով ՀՀԿ-ն անուղղակի խոստովանում է` այս ընտրություններում եւս իշխանությունները գործի են դնելու ընտրակեղծիքի իրենց մեխանիզմը` իրենց համար ցանկալի ցուցանիշ ապահովելու համար: Այլապես անհասկանալի է, թե ինչպես կարող են իշխանությունները նման վստահությամբ խոսել ընտրությունների արդյունքների մասին, երբ մի կողմից Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցելու են ոչ կոալիցիոն երեք հիմնական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Բացի այդ, նախագահական ընտրություններում իշխանությունները «փառահեղ» պարտություն կրեցին. անգամ մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանի հայրենի Ավանում Սերժ Սարգսյանը, նույնիսկ պաշտոնական տվյալներով, պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին:
ՀՀԿ-ի փորձած թանը
Որպեսզի ՀՀԿ-ի համար ապահովեն ցանկալի ցուցանիշներ, ՀՀԿ-ականները դիմել են իրենց հարազատ հին մեթոդներին. պաշտոնյաներին ընդգրկել ընտրացուցակում եւ նրանցից յուրաքանչյուրից պահանջել, որ ապահովեն ձայների կոնկրետ քանակ: Եվ այս տրամաբանության շրջանակներում Երեւանի ավագանու ցուցակում ընդգրկված են՝ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Վահե Նիկոյանը, նաեւ` մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները` Մանվել Ջավադյան (Ավան), Հրայր Անտոնյան (Արաբկիր), Ռուսլան Բաղդասարյան (Դավթաշեն), Արմեն Հարությունյան (Էրեբունի), Արա Սադոյան (Կենտրոն), Արմեն Ուլիխանյան (Նոր Նորք), Վարազդատ Մկրտչյան (Նորք-Մարաշ), Արմեն Սարգսյան (Շենգավիթ), Գեւորգ Ղազարյան (Քանաքեռ-Զեյթուն) եւ այսպես շարունակ: Ավագանու ցուցակում ընդգրկված են նաեւ թաղապետերի տեղակալներն ու թաղապետարանի այլ աշխատակիցներ: Ընդ որում, ե՛ւ փոխքաղաքապետը, ե՛ւ թաղապետերն ընդգրկված են անցողիկ համարներում: Միայն թե ակնհայտ է, որ նրանք ոչ մի դեպքում չեն լքի իրենց պաշտոնը` ավագանու անդամ դառնալու համար: Հազիվ թե ավագանու անդամ դառնան նաեւ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության 1-ին կարգի մասնագետ Մանասե Թադեւոսյանը, «Երեւան-Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանը կամ նույն սուպերմարկետի անվտանգության ծառայության պատասխանատու Արշակ Ամիրյանը: ՀՀԿ ավագանու ցուցակում են ընդգրկված Երեւանի գրեթե բոլոր համատիրությունների ղեկավարները, որոնք, հասկանալի զուգադիպությամբ, հենց իշխանական կուսակցության անդամներ են: Այնպես որ, ակնհայտ է` ՀՀԿ-ն հույսը դրել է վարչական լծակների, ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների վրա, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ընտրացուցակում ընդգրկել էին նախարարներին, մարզպետերին, քաղաքապետերին եւ այսպես շարունակ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրինք` արդյոք Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը կամ թաղապետերը` իրենց տեղակալներով հանդերձ, պատրաստվում են դառնալ ավագանու անդամ: Պարզվեց` ոչ: «Սա քաղաքական թիմ է, եւ մենք բավական մեծ ցուցակ ենք ներկայացրել: Դրանով հասարակությանը ներկայացնում ենք այն թիմը, որը հաջողության դեպքում կիրականացնի իր ծրագրերը»,-ասաց Սահակյանը: Իսկ դիտարկմանը, թե, մեր տպավորությամբ, այդ մարդկանց ավագանու ցուցակում են ընդգրկել, որպեսզի նրանք էլ ձայներ ապահովեն, Սահակյանը պատասխանեց. «Ձայներ ապահովում են մարդիկ, այսինքն` այն թիմը, որը պատասխանատու պետք է լինի տված խոստումների ու ծրագրերի համար»:
Ինչպե՞ս լափել միլիոն
Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում բառեր չէր խնայել` գովելու համար քաղաքապետի իրենց թեկնածուին` Տարոն Մարգարյանին: «Ես չեմ տեսել մի դեպք, երբ Տարոն Մարգարյանը սուտ խոսի, անազնիվ որեւէ քայլ նրա կողմից չեմ տեսել»,-ասել էր նա` հավելելով, որ Մարգարյանը երբեք չի հղփացել, թիկնապահների մեծ շքախմբով չի շրջել եւ այլն, եւ այլն: Սակայն 2012թ. բյուջետային ծախսերի պաշտոնական տվյալները հակառակի մասին են ապացուցում: Մենք ներկայացնենք այդ փաստերը, եւ թող ընթերցողը որոշի` Տ. Մարգարյանի կողմից անազնիվ որեւէ քայլ եղել է, թե ոչ, կամ նա երբեւէ հղփացել է, թե ոչ:
Եվ այսպես. Երեւանի համայնքային բյուջեից 73 մլն դրամ, այսինքն` մոտ 180 հազար դոլար է հատկացվել մայրաքաղաքում դրոշների տեղադրման համար: Գործուղումների եւ շրջագայությունների համար հատկացվել է 81 մլն 760 հազար դրամ` ավելի քան 201 հազար դոլար: Թափառող կենդանիների վնասազերծման համար էլ հատկացվել է 220 մլն դրամ՝ 543 հազար դոլար: Իսկ շենքերի գեղարվեստական լուսավորման համար նախորդ տարի քաղաքապետարանը ծախսել է 34 միլիոն 630 հազար դրամ: Թե այդ գումարի քանի տոկոսն է ծառայել իր բուն նպատակներին, իսկ քանի տոկոսը՝ «ատկատով» գնացել համապատասխան մարդկանց գրպանները, մնում է ենթադրել: Մանավանդ որ շատ «ոլորտներում» այդքան գումար ծախսելուց հետո առանձնապես փոփոխություններ չեն էլ նկատվում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ