Ի՞նչ կապ կա Լևոն Մութաֆյանի մահվան և էքստրասենսի սպանության միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, ով արդեն 31 օր է՝ հացադուլի մեջ է, այսօր զանգահարել է ArmLur.am-ի խմբագրություն՝ ցանկանալով իր խոսքն ասել թատերագետ Լևոն Մութաֆյանի անսպասելի մահվան մասին:

Մուշեղ Մխիթարյանի խոսքով՝ ինքը տևական ժամանակ շփվել է Լևոն Մութաֆյանի հետ, իրենք հասցրել են մտերմանալ, հարազատ մարդիկ դառնալ: Մ. Մխիթարյանը չի հավատում հանկարծամահության վարկածին, քանի որ թատերագետն առողջական լուրջ խնդիրներ չուներ. միայն արյան ճնշման տատանումներ են եղել ժամանակ առ ժամանակ, իսկ սա, ըստ մեր զրուցակցի, այն աստիճան չէր սրվել, որ հանկարծամահության հանգեցներ:

Մուշեղ Մխիթարյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման. «Լևոն Մութաֆյան՝ թատերագետ, դրամատուրգ, մանկավարժ, դերասան, ռեժիսոր. այս ցանկը կարելի է թվել շատ երկար: «Յանուս» թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ էր: Այս ցանկն ավարտվում է լավ ընկեր և բարեկամ բառերով: Նրա հետ ընկերություն անելն ինձ համար մշտահաճո զբաղմունք և մեծագույն պատիվ էր: Հասցրել ենք միմյանց լավ ճանաչել: Նա միշտ կգտներ ժամանակ ընկերների համար:

Նույնիսկ երբ ձերբակալվեցի, նա չէր դադարում տեսակցության գալ ինձ, միշտ ասում էր, որ ամեն ինչ կանի ինձ դուրս բերելու համար: Նա այն քիչ մտավորականներից էր, որ թե՛ զանգերով, թե՛ գործնական քայլերով անընդհատ կողքիս էր: Շունչս սկսեց կտրվել, երբ իմացա նրա հետ կատարվածի մասին: Կյանքից հեռացավ ընկերս, միակ ապավենս: Նրա մահը բազում հարցերի տեղիք է տվել: Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո: Արդեն երկար ժամանակ վախից չեմ կարողանում քնել: Շատ բան կա, որ չենք կարողանում բացահայտել: Ցավակցում եմ նրա մտերիմներին, աղջկան, որդուն: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ գիտակցելով ամեն բան՝ միշտ պայքարել ես հանուն ճշմարտության»:

ArmLur.am-ի հարցին՝ ինչու է Լևոն Մութաֆյանի մահը կապում Անի Մաջնունյանի սպանության հետ, Մուշեղ Մխիթարյանը պատասխանեց. «Քանի որ նա ամեն ինչ անում էր ինձ օգնելու համար: Գաբին ասել էր, որ երկրորդին էլ պետք է սպանեին: Նա ասել էր, որ դրանից հետո ես դուրս չեմ գա: Ինձ կսպանեն.. բայց ես ինքս ինձ հետ խոսք եմ տալիս, ոչինչ չեմ անի»:

Նկատեցինք, որ էքստարսենսի սպանության կասկածանքով Մուշեղի ձերբակալությունից հետո Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ այնքան էլ ջերմ բառերով չէր բնութագրել նրան: Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ նրանք մտերիմ հարաբերություններ են ունեցել, ավելին՝ Լևոն Մութաֆյանն իրեն փորձել է օգնել: Մուշեղ Մխիթարյանը պարզաբանեց. «Այդ ժամանակ խնդիր եղավ, մենք մի հարցի շուրջ վիճված էինք, ճիշտ չէին ներկայացվել իմ և Անի Մաջնունյանի հարաբերությունների մասին տեղեկությունները: Երբ ճիշտն իմացավ, ասաց, որ ամեն ինչ կանի ինձ այստեղից հանելու հարցում օգնելու համար»,- ապա շարունակեց. «Ես սարսափում եմ այն մտքից, որ սա կարող է դժբախտ պատահար չլինել: Նրա 60-ամյակն անցած տարի տոնեցինք: Նա այնպիսի հիվանդություն չուներ, որ ոչ ոք չիմանար»:

Մեր դիտարկմանը, որ Լևոն Մութաֆյանի դուստրը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, հայտնել էր, որ հայրն առողջական խնդիրներ ունի, Մուշեղն ասաց, որ դրանք արյան ճնշման թեթև տատանումներ էին, լուրջ խնդիրներ չկային. «Բոլորս էլ խնդիրներ ունենք: Իմ թոքի մի մասը չկա: Դա չէ հարցը: Իսկ այն, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ասեմ, որ բռնություն պետք չէ դիակ ստանալու համար: Այսօր այնպիսի բաներ են կատարվում, որ մարդ զարմանում է: Կոնկրետ իմ դեպքում երեք ցուցմունք կա, երեքն էլ` իրար հակասող: Բայց ես շարունակում եմ կալանավորված մնալ: Լևոնը հյուրանոց կգնար իր, ասենք, մտերիմի հետ: Չեմ պատկերացնում՝ ով կլիներ կոնկրետ: Իսկ այդ մեկին գտնելն այնքան էլ դժվար չէ: Բայց փախե՞լ է արդյոք այդ մարդը: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է վատ վիճակում գտնվող մարդուն թողներ, գնար: Ի՞նչ ուներ նա թաքցնելու: Լևոն Մութաֆյանը թաքցնելու բան չուներ: Նա պարյադչնի մարդ էր, նվիրված իր ընտանիքին: Նա այդքան ժամանակ էլ չուներ ինչ-որ մեկի հետ հյուրանոց գնալու համար: Նա հազար տեղ էր աշխատում»:




Լրահոս