Ռուսաստանն արգելել է Հայաստանից մսի ներմուծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ գրեթե 7 տարվա դադարից հետո՝ 2014 թվականի վերջին, Հայաստանը դեպի ՌԴ եւ ԵՏՄ երկրներ մսամթերք արտահանելու թույլտվություն ստացավ: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 20-ին ռուսական կողմը արգելել է ՀՀ-ից դեպի ՌԴ մի շարք գյուղմթերքների, այդ թվում նաեւ մսի եւ կաթնամթերքի ներմուծումը: Ներմուծման արգելքը վերաբերում է անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով:

Այս տարվա հունվարի 20-ից ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը ժամանակավոր արգելել է դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանիների՝ խոզերի, խոշոր եւ մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի եւ մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաեւ ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծումը: Մասնավորապես արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաեւ կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել: ՌԴ-ն արգելել է նաեւ Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել:

Երեկ խնդրի առնչությամբ պարզաբանմամբ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ըստ որի՝ նախորդ տարվա դեկտեմբերին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաեւ ԵՏՄ գործընկերներին:

Ըստ ՍԱՊԾ-ի՝ հարեւան երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Թուրքիայում, վերջերս գրանցվել են նոր՝ AG-VII շճատեսակով դաբաղ հիվանդության դեպքեր, ինչն օրերս է հաստատվել ռեֆերենս լաբորատորիայում: Տեղեկացնենք, որ ՀՀ-ն նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրել է ողջ տարվա համար: Ըստ ՍԱՊԾ-ի՝ մինչեւ այսօր հանրապետությունում օգտագործվող պատվաստանյութով եւ հաշվի առնելով հիվանդության նոր տիպը` հնարավոր չի եղել կենդանիների մոտ ստանալ պատշաճ վարակամերժություն:

Դաբաղը ինֆեկցիոն հիվանդություն է, որով կարող են վարակվել խոշոր եղջերավոր անասունները, նաեւ խոզերը, այծերը, ոչխարները, այլ կենդանիներ: Մարդկանց վարակվելու հիմնական վտանգը հիվանդ կենդանիների կաթի եւ կաթնամթերքի օգտագործումն է, հիվանդությունը, ոչ հաճախակի դեպքերում, կարող է մարդուն անցնել նաեւ այդ կենդանիների միսը օգտագործելու միջոցով:

Նշենք, որ եվրոպական երկրներում հայկական մսամթերքը չի ընդունվում, քանի որ Հայաստանը համարվում է խոցելի այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Նախկինում նաեւ ռուսական կողմն էր պնդում, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա, մինչդեռ հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա: 2015 թվականի սկզբին հայկական 11 ընկերություն դեպի ՌԴ եւ ԵՏՄ անդամ երկրներ միս, մսամթերք արտահանելու թույլտվություն ստացավ: Եւ տեղական արտադրողները դեպի ՌԴ անարգել սկսեցին արտահանել բաստուրմա, սուջուխ տեսակի մսամթերքները:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռեւս անցած տարվա դեկտեմբերի սկզբներին գրել էր, որ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերում անասունները հիվանդանում են: Այդ գյուղերն էին Մարգարան, Լուսագյուղը, Ապագան, Ջրառատը եւ այլն: Տեղի բնակիչների համոզմամբ՝ անասունների մոտ արձանագրվածը դաբաղ հիվանդությունն է: Իսկ, ահա, ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտարարել էր, որ Թուրքիային սահմանակից գյուղերում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ: Այսինքն՝ անասնագլխաքանակը եւս մեկ անգամ պատվաստվել է դաբաղ հիվանդության դեմ: ՍԱՊԾ պնդմամբ` վարակի տարածքում մինչ այսօր հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս