ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն այժմ Հայաստանում է: Նա Հայաստան է եկել արքայազն Չարլզի հետ, որին համարում են լոնդոնյան բիզնես էլիտայի խոշորագույն դեմքերից մեկի՝ Արմեն Սարգսյանի մտերիմ բարեկամը: Դե, ինչպես բարեկամ չլինի, երբ հենց Ա. Սարգսյանի ջանքերով բրիտանական գահի ապագա ժառանգորդը Հայաստանում ոսկու հանքերի տեր է դառնում՝ ինքն էլ իր հերթին  «վարագույր» դառնալով իր ընկերոջ համար, որն արդեն սբ. Հովհաննես եկեղեցու մոտ ահռելի տարածքներ ունի…
Ժամանակ առ ժամանակ Ա. Սարգսյանի  անունը  տեղ էր գտնում արտերկրից եկող տարբեր հաղորդագրություններում: Հիմնականում այնպիսի հաղորդագրություններում, որոնք վերաբերում էին օրավուր բուռն ծաղկում ապրող նրա բիզնեսին, ինչպես նաեւ ՀՀ բարձրագույն իշխանության Լոնդոն կատարած այցերին: Մասնավորաբար, ոչ ոք չի մոռացել այն մասին, որ հենց Ա. Սարգսյանի կազմակերպմամբ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին աղմկահարույց զեկույցով  հանդես եկավ լոնդոնյան հանրահայտ «Չաթըմ հաուզ» կենտրոնում: Հենց Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ Ս. Սարգսյանին ընդունեց Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ապա օգտագործելով ՀՀ նախագահի` Լոնդոնում գտնվելու առիթը՝ Ա. Սարգսյանը լուծեց «Երեւա՛ն, իմ սեր» նախագծի հարցը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն էլ նախկին վարչապետը նվիրաբերեց արքայազն Չարլզին: Իր նախագծի առջեւ կանաչ լույս վառելու համար Ա. Սարգսյանը միջոցների առջեւ խտրություն չէր դրել, ահռելի ծախսեր էր արել, կազմակերպել շնորհանդես` հրավիրելով աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերիգիեւին եւ մեցցոսոպրանո Դարիգա Նազարբաեւային:
Ըստ նախագծի՝ այս կենտրոնը ծառայելու է Մայր Աթոռ Էջմիածնին, որն էլ պիտի հովանավորի սոցիալապես անապահով երեխաներին եւ տաղանդավոր հայորդիներին… Քաղաքապետարանն անհատույց հսկայական տարածքներ է նվիրաբերել «Երեւա՛ն, իմ սեր» նախագծի սեփականատեր Ա. Սարգսյանին` մեկ անգամ եւս հավաստելով, որ մեզ մոտ օրենքները չեն գործում բոլոր նրանց համար, ովքեր ինչ-որ «լավություններ» են անում մեր իշխանություններին:
Այսպես, ըստ որոշ լուրերի՝ Ա. Սարգսյանը Ս. Սարգսյանի համար երեքսենյականոց բնակարան է գնել Լոնդոնի կենտրոնում` իր առանձնատան կողքին՝ վճարելով 15 մլն եվրո: Իսկ «Երեւա՛ն, իմ սեր» նախագիծն այնքան տարողունակ ու այնքան հեռահար նպատակներ ունի, որ Ա. Սարգսյանը չի զլացել հանուն դրա Լոնդոնում կազմակերպել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա գլխավորած պատվիրակության հանդիպումն արքայազն Չարլզի հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում էին Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու նշանավոր «բենթլի Սամոն»` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը… Եթե Հայաստանում գտնվելու ժամանակ Ա. Սարգսյանն իրեն հեռու էր պահում բիզնես ոլորտի ներկայացուցիչներից, ապա գտնվելով Լոնդոնում՝ նա Հայաստան ասելիս միայն փողատեր ու գործարար անձերին է հասկանում… Այդ փողերը նա հատկապես ձեռք բերեց British Petrolium կորպորացիայում, որն այսօր բրիտանական ամենախոշոր ընկերություններից մեկն է…
 2013-ի սկզբներից անընդհատ խոսվում էր այն մասին, թե Ս. Սարգսյանը նպատակ ունի Ա. Սարգսյանին վարչապետ նշանակել, սակայն ակնհայտ էր, որ Տ. Սարգսյանի շրջապատն ու նրան աջակցողներն ամեն ինչ պիտի անեին, որպեսզի կիրովականցի Սարգսյանին հանկարծ չփոխարինի երեւանցի Սարգսյանը, որի կենսագրության մեջ, ի դեպ, բազմաթիվ ուշագրավ փաստեր կան:
Արդեն 60 տարեկան է Ա. Սարգսյանը, 1970-1976թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում, 1976-1978թթ.՝ Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1979-1984թթ. աշխատել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ ասիստենտ, 1984-1985թթ. Քեմբրիջի համալսարանում՝  այցելու դասախոս, 1985-1992թթ.՝ ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ դասախոս, 1990-1992թթ. ԵՊՀ բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոնի վարիչ, 1992-1993թթ.՝ ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994թթ. ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում, 1995-1996թթ. ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ առաքելության ղեկավար, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, 1998-2000թթ.՝ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում…
Խոստովանենք, որ նման կենսագրությամբ մարդիկ գրեթե չկան մեր կառավարության կազմում, թեեւ սեփական ունեցվածքն ամեն գնով մեծացնելու հարցում Ա. Սարգսյանը որեւէ բանով չի տարբերվում հայաստանյան շատ պաշտոնյաներից: Եվ ոչ միայն ունեցվածքի հարցով: Նա նաեւ սկսել է արհամարհել շրջապատի մարդկանց եւ լուծել իր բարեկեցության խնդիրները` հաշվի չնստելով այն բանի հետ, որ աղավաղում է մայրաքաղաք Երեւանի ճարտարապետական տեսքը: Այսպես, «Երեւա՛ն, իմ սեր» ասող Սարգսյանը  Թամանյան 3ա հասցեում մի ամբողջ մանսարդային հարկ կառուցեց` այդպիսով խաթարելով Կասկադի հարեւանությամբ կառուցված շենքերի համաչափությունն ու ճարտարապետական տեսքը, այդ ընթացքում թքած ունենալով բնակիչների դժգոհությունների վրա: Նա նաեւ իր ներկայությունն է հաստատում այլ երկրներում իրականացվող բիզնես ծրագրերում, իսկ վերջերս էլ հայտնի դարձավ, ՌԴ Լենինգրադի շրջանի ջրագծի համակարգի ներդրումային ծրագրում կներդնի 1 միլիարդ ԱՄՆ դոլար (30 մլրդ ռուբլի): Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Արմեն Սարգսյանն ու ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը: Դե իհարկե, միլիարդները պետք է ներդնել  արտերկրում, իսկ  Երեւանի կենտրոնում հսկայական տարածքներին տեր դառնալ ձրի:  Ահա այսպիսի Երեւան, իմ սեր…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս