Ռուբլու հարվածները. պանրի արտահանումը դարձել է ոչ եկամտաբեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ դաբաղ հիվանդության պատճառով Հայաստանից որոշ գյուղմթերքների, այդ թվում նաեւ ջերմային մշակում չանցած մսամթերքի, կաթնամթերքի եւ պանրի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն արգելվել է: Չնայած որ արգելքը վերաբերում է ջերմային մշակում չանցած սննդատեսակներին, այնուամենայնիվ, պանրի արտադրությամբ զբաղվող որոշ տնտեսվարողների մոտ ռուսական կողմի կիրառած արգելանքը մտահոգություններ է առաջացրել:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին ՀՀ-ից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ պարզաբանել է, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա: Հարկ է նշել, որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նմանատիպ սահմանափակումները գործել են նաեւ նախկինում:

«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 20-ից մինչ օրս՝ ՌԴ կողմից ժամանակավոր սահմանափակում կիրառելուց հետո, Հայաստանից ՌԴ է արտահանվել 408 տոննա 757 կգ պանիր: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դեպի ՌԴ էր արտահանվել 123 տոննա 299 կգ պանիր: Արտահանող ընկերություններն են եղել «Դուստր Մարիաննա»-ն, «Սպայկա»-ն եւ «Դեագա»-ն:

Ըստ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի՝ ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման հետ կապված խոչընդոտները օբյեկտիվ են: Նրա խոսքերով՝ ռուսական շուկայում ռուբլու արժեզրկման հետեւանքով ստեղծված անկայուն իրավիճակը մեծ վնասներ է հասցնում նաեւ հայաստանցի պանրագործներին: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանից պանիր հիմնականում արտահանվում է դեպի ՌԴ: Վրաստան, ԱՄՆ կամ մեկ այլ երկիր պանիր արտահանվում է, բայց քիչ քանակությամբ: Վերջին շրջանում խոսակցություններ եղան այն մասին, որ տեղական արտադրողները կարող են պանիր վաճառել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում: Սակայն այդ ուղղությամբ կարծես թե առաջընթաց չկա:

ՀՀ Շիրակի մարզում պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրանական շուկան սուլուգունի կոչվող պանրատեսակի մեծ պահանջարկ ունի: Բայց թե երբ ընկերությունը կսկսի պանիր արտահանել դեպի Իրան, հայտնի չէ: Իսկ առայժմ ընկերութունը բավարավում է միայն ՌԴ պանիր արտահանելով, թեկուզ քիչ քանակությամբ.

«Փորձեցինք վրացական շուկայում տեղ զբաղեցնել, այն էլ չստացվեց, քանի որ այնտեղ հայկական պանրի պահանջարկ չկար»,- ափսոսանքով նշեց Իգիթյանը:
Ու թեեւ ՌԴ-ի կողմից կիրառված արգելանքը մտահոգություններ է առաջացրել որոշ պանրագործների մոտ, այնուամենայնիվ, «Իգիթ» ընկերությունը այս տարվա հունվարին առանց խոչընդոտի կարողացել է պանիր արտահանել դեպի Ռուսաստան.

«Արտահանել ենք մոտ 20 տոննա պանիր: Այն արգելքները, որոնք ռուսական կողմը կիրառում է, վերաբերում են միայն հում տեսակի արտադրանքին: Իսկ ջերմային մշակում անցած կաթնամթերքն ու պանիրը հանգիստ կարող ենք արտահանել: Մեր արտադրանքը ջերմային մշակում պարտադիր անցնում է: Բայց, այնուամենայնիվ, մտահոգություններ ունենք. հանկարծ սա էլ չարգելվի, որովհետեւ ռուսական շուկայում անկանխատեսելի երեւույթներ շատ են կատարվում: Կոնկրետ մեր ընկերությունը հագեցած է բոլոր տեսակի ժամանակակից սարքավորումներով, եւ ըստ այդմ՝ մենք կարողանում ենք ՌԴ կողմից պահանջված ստանդարտներին համապատասխան արտադրանք տալ»,- հավաստիացրեց Իգիթանը:

Ըստ ընկերության տնօրենի՝ այս պահի դրությամբ միակ խոչընդոտը ռուսական ռուբլու փոխարժեքի վայրիվերումներն են: Բանն այն է, որ ընկերությունը արտադրությանը զարկ տալու նպատակով դոլարային վարկեր է վերցրել, իսկ հիմա դրանք մարում է դրամով, ինչի արդյունքում էլ վնասներ է կրում:

«Թեեւ ռուսական շուկայում պանրի պահանջարկը մեծ է, բայց գների մասով խնդիրներն առկա են: Մեզ մոտ արտադրանքի ինքնարժեքը բարձր է. մենք 1 լիտր կաթը գնում ենք 150 դրամով, իսկ ռուս գործարարները՝ 120-ով: Իրենք ավելի էժան են արտադրում, քան մենք: Դեռ ավելին՝ մենք նաեւ արտահանման մասով լրացուցիչ ծախսեր ենք անում: Ստացվում է՝ ռուսական պանիրը այնտեղ էժան է վաճառվում, մերը՝ թանկ: Չենք տեղավորվում գների մեջ եւ ստիպված մենք էլ ենք էժան գնով վաճառում»,- ներկայացրեց «Իգիթ»-ի ներկայացուցիչը:

Որքան էլ որ պատկան կառույցները պնդեն, թե ՀՀ-ից անարգել պանիր է արտահանվում, նկատենք, որ պանրագործների համար արտահանումը դարձել է ոչ եկամտաբեր: Իսկ թե երբ ռուբլին կարժեւորվի, առայժմ հայտնի չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս