Ուրիշ «Թամզարա»` Արփիի կատարմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Արփին (Արփի Շահնուբարյան), ով հաճախ հանդես է գալիս ժողովրդական երգերի ներովի մատուցմամբ, պատրաստվում է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել «Թամզարա» երգը, որը ներառված է նաեւ նրա «Գանձեր» ձայնասկավառակում: «Բայց դա այն «Թամզարա» երգը չէ, որը հանրությունը լսել է մեր երգիչների, օրինակ` Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ, դա ուրիշ «Թամզարա» է, որի վոկալային տարբերակը ես դեռ ոչ ոքի կատարմամբ չեմ լսել:

Երգը պարային բնույթի է, դրա ներքո նախկինում հայերը պարել են նաեւ հարսանիքների ժամանակ: Հաշվի առնելով, որ ձայնասկավառակի շնորհանդեսի օրը մեծ հետաքրքրություն նկատվեց երգի հանդեպ, որոշեցինք դրա հիման վրա նկարահանել նաեւ տեսահոլովակ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Արփին:
Նա ցանկություն ունի նաեւ ակումբային փոքրիկ մենահամերգ ունենալ, որի ընթացքում կներկայացնի ժողովրդական երգեր:

Արփին նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է իր երկրպագուների դատին հանձնել օրորոցային երգ` կենդանի նվագակցությամբ: Խոսքը Բարսեղ Կանաչյանի «Օրոր» երգի մասին է, որը եւս առաջիկայում կունենա իր տեսահոլովակը: Մեր այն հարցին, թե օրորոցային երգերի հանդեպ հետաքրքրությունն արդյոք կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ ինքը` Արփին, նորաթուխ մայրիկ է, վերջինս պատասխանեց. «Միգուցե դա էլ նշանակություն ունի, բայց ես օրորոցային երգ թողարկելու միտք շատ ավելի վաղ ունեի»:

Երգչուհին խոսեց նաեւ «Հայվեյ» խմբի առաջիկա գործունեության մասին` նշելով, որ խմբի կազմը կշարունակի հանդես գալ ակումբային համերգներով եւ անդամներն արդեն աշխատում են իրենց հեղինակային երգերի վրա: «Խմբի հետ արդեն աշխատում ենք սոուլ ոճի երգերի վրա եւ, հնարավոր է, միասին հանդես գանք տեսահոլովակով»,-ասաց նա:

Մենք նաեւ հարցրինք` դժվար չէ արդյոք սոուլ, ջազ, բլյուզ ոճերը համատեղել ժողովրդական, ազգային երգերի կատարումների հետ. «Ինձ մոտ ստացվում է մի ոճից անմիջապես անցում կատարել մյուսին, բացի այդ` ժողովրդական երգերի կատարումն իր հետ բերում է այլ էմոցիաներ, իսկ, օրինակ, սոուլ երգերինը` ուրիշ: Նաեւ հայերենն ու անգլերենը բոլորովին այլ զգացողություններ են պարեգեւում ինձ: Ի դեպ, վերջին շրջանում ես կենտրոնանում եմ երգերի խոսքերի վրա, չեմ ընդունում այն միտումը, ըստ որի՝ փորձում են խոսքեր ու վանկեր «խցկել» երաժշտության մեջ, ես ցանկություն ունեմ հենց խոսքերի հիման վրա երգ գրել. այդ դեպքում բառերն ինքնըստինքյան բերում են մեղեդայնություն»:

Արփին խոսեց նաեւ այսօրվա երգերի միօրինակ թեմաների մասին` նկատելով, որ կան մի շարք հետաքրքիր թեմաներ, որոնք պարզապես շրջանցվում են, այնինչ՝ անընդմեջ գրվում են երգեր` հարսանեկան թեմայով. «Աշխարհում գոյություն ունի, օրինակ, գրքի օր, ընկերության օր, գրկախառնության օր. սրանց մասին իրազեկվելով` երգերի թեմաների մտահղացումներ են ծնվում»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս