6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԴԱՀԿ ՊԵՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-ին հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» պարբերականը հրապարակել էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ունեցած ակտիվների եւ կատարված գործարքների մասին փաստող հսկայածավալ հետաքննական մի նյութ, որից ակնհատ էր դառնում, որ «բիզնեսներ չունեցող» ԴԱՀԿ պետը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում: Հրապարակված հոդվածում մեկ առ մեկ ներկայացված էին այն ընկերությունների անունները, որոնց միջոցով Մ.Պողոսյանը ստվերային գործարքներ է անում, իր պաշտոնն օգտագործում սեփական բիզնեսի զարգացման համար եւ թաքցնում եկամուտները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը ուսումնասիրում է Մ. Պողոսյանի առնչությունը օֆշորային ընկերությունների հետ:

Եվ այսպես՝ «Հետք»-ի տրամադրության տակ էին հայտնվել Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նեւադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում եւ մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր: Եվ գաղտնազերծված տվյալների այդ բազայում եղել են մի քանի հայաստանցիներ, որոնց թվում մասնավորապես նշվում է ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Մ.Պողոսյանի եւ նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխայիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):
Ըստ այդմ, Միհրան Պողոսյանը հանդես է գալիս որպես Bearer Share-ի սեփականատեր: Այսինքն՝ ընկերության իրական բաժնետերը ընկերությունների պետական ռեգիստրում չի գրանցվում, նրա լիազորը գրանցող կազմակերպությունն է, որն էլ բաժնետիրոջը տրամադրում է բաժնեմասի տիրապետման սերտիֆիկատ: Ստացվում է, որ միայն այդ սերտիֆիկատը տնօրինողն է տիրապետում այդ ինֆորմացիային՝ գրանցող ընկերությունից բացի: Սա ընդունված մեթոդ է, որից օգտվում են գաղտնի մնալու ձգտում ունեցող անձինք: Մ.Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել է 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռեւս 2005-ից:
Հավելենք, որ օֆշորային ընկերությունների բաժնետեր լինելու վերաբերյալ «Հետք»-ը պարզաբանման համար դիմել էր հենց իրեն` Միհրան Պողոսյանին: Ի պատասխան, սակայն, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից հայտնել էին. «ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Ձեր հարցման մեջ նշված ընկերությունների հետ որեւէ առնչություն չունի»: Անկախ այս պատասխանից, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանձնարարել է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությանը ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունների իսկությունը: Ասել է, թե 6-րդ վարչությունը այս օրերին պետք է պարզի, թե ինչ կապ ունի Միհրան Պողոսյանը օֆշորային ընկերություների հետ: Կպարզի, թե ոչ, դժվար է ասել, սակայն աչքի առաջ ունենալով մինչ այս արձանագրված դեպքերը՝ կարելի է ենթադրել, որ ինչպես միշտ այս անգամ էլ ամեն ինչ ծածկադմփոց կարվի:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի անունները կապվում էին օֆշորային ընկերությունների հետ: Սակայն օֆշորային մեքենայությունների արդյունքում սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը, որը ներկայացրեց բազմաթիվ փաստեր, այդպես էլ չկարողացավ ապացուցել նախկին վարչապետի եւ արքեպիսկոպոսի կապը օֆշորային ընկերությունների եւ իր ունեզրկման հետ: Վերոնշյալ եռյակից դատարանի առաջ կանգնեց միայն Աշոտ Սուքիասյանը, որին էլ մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացման եւ հարկերից խուսափելու մեջ: Այս գործով քննությունը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ ընթանում է: Իհարկե, սա մինչ այս եղած ամենաաղմկահարույց, բայց ամենեւին ոչ միակ դեպքն է, երբ բարձրաստիճան պաշտոնյաները տարիներ շարունակ հարստանում են՝ պետական միջոցներն ու քաղաքացիներին թալանելով, սակայն, չգիտես ինչու, ջրից միշտ չոր են դուրս գալիս:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄԱԴՐԻԴՅԱՆ 6 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ Արցախի հիմնահարցի շուրջ քննարկվելիք փաստաթուղթը վաղուց հայտնի է եւ կոչվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված եւ կողմերի միջեւ մեծ մասամբ համաձայնեցված ծրագիր: Ո՞րն է այն: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին խնդրեց հայտնել «մադրիդյան սկզբունքներ» ասվածը: Ի պատասխան՝ փոխանցեց 10.07.2009 թվականին Լաքվիլայում ընդունած Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի համատեղ հայտարարությունը:
«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահներս, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, մեր պարտավորությունն ենք հաստատում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարություններին աջակցության ցուցաբերման հարցում՝ ի լրում ԼՂ կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ վերջիններիս կողմից համաձայնեցված սկզբունքների: Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը ներառում է հիմնական սկզբունքների ձեւակերպման հարցով համանախագահների վերջին առաջարկները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին վերացնել տարաձայնություններն ու ավարտել համապարփակ կարգավորման ծրագրի հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունը»:
Փաստաթղթի 6 սկզբունքները թվարկված են՝
-Ադրբեջանի վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղի տարածքների վերադարձ:
– Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի շնորհում, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովում:
-Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի բացում:
-Իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիմքով Լեռնային Ղարաբաղին վերջնական իրավական կարգավիճակի շնորհում:
-Ներքին տեղահանված անձանց եւ փախստականներին իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքի ապահովում:
-Անվտանգության, այդ թվում նաեւ խաղաղապահ օպերացիաների միջազգային երաշխիքներ:
Որքանո՞վ է սա ձեռնտու Հայաստանին: Այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում պարբերաբար կներկայացնի հասարակության ամենատարբեր ներկայացուցիչների կարծիքները:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Մարտի 31-ին Երեւանում՝ Արարատյան թաղամասում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր 20-ամյա Արթուր Գալստյանը: ArmLur.am-ին լուրեր հասան, որ սպանված երիտասարդը «Մալաթիա» տոնավաճառի վաղամեռիկ տնօրեն Ռադիկ Սարգսյանի թոռի նշանածն է եղել: Ըստ մեզ հասած լուրերի` Ա. Գալստյանին սպանել է հարսնացուի եղբայրը, քանի որ չի ցանկացել, որ քույրն ամուսնանա այդ երիտասարդի հետ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ երեկ մահացել է նաեւ Ա. Գալստյանի հայրը՝ Նշան Գալստյանը. նա հանկարծամահ է եղել:

 

 
65 ԶՈՀ,  121 ՎԻՐԱՎՈՐ
Երեկ հրապարակված տվյալներով` ապրիլի 1-ից սկսած պատերազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 65 զոհ, 121 վիրավոր։ ԼՂ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը նշել է, որ մեկ զինծառայողի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: «Ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում մեր անհայտ կորածների թիվը 19-ն էր, բայց այսօր 18-ը վերադարձրինք: Մեկի ճակատագիրը դեռ անհայտ է: Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ աշխատանքներ ենք տանում՝ պարզելու զինվորականի ճակատագիրը»,- ասել է Քոչարյանը` հավելելով, որ Կարմիր խաչի միջոցով Ղարաբաղը նույնպես դիեր է փոխանցել ադրբեջանական կողմին:

 

 

ՎԱՅՐԱԳԱԲԱՐ
ՀՀ ՊՆ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել ապրիլի 2-5-ը ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում, որի ընթացքում հայկական կողմին են փոխանցվել պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները:
Հաշվի առնելով հայկական կողմին փոխանցված մարմինների խոշտանգման եւ անարգանքի փաստը, որն արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի պատկան մարմինների եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է: «ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր: Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միջազգային հանրության եւ մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն», – ասված է հայտարարությունում:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
2016թ. ապրիլի 8-ին Երեւանի պետական համալսարանի հարող տարածքում վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում դանակահարվել էր 1995թ.-ին ծնված Ազատ Աբրահամյանը: Ավելի ուշ իրավապահներին ինքնակամ ներկայացել էր Գեղարքունիքի մարզի 24-ամյա բնակիչ Գ. Սարգսյանը եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ: Միջադեպը եղել է մի խումբ տղաների հետ, որոնք լեզվակռիվ ունենալուց հետո գործի են դրել բռունցքները, ու արդյունքում վերջիններից մեկը դանակահարել է մյուսին: Ըստ մեզ հասած լուրերի` միջադեպը տեղի է ունեցել աղջկա համար: ՀՀ քննչական կոմիտեի կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Իրավապահներին ներկայացած Գ. Սարգսյանը ձերբակալված է:




Լրահոս