Ապրիլի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 67 դեպքի: Վ. Գաբրիելյանը հայտնեց ապրիլի 16-ին տեղի ունեցած Պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնության ընթացքի և արդյունքների մասին: Հանրապետական մարզական առաջնությունում հաղթող է ճանաչվել Արարատի մարզի հավաքական թիմը:
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը տվյալներ հաղորդեց ապրիլի 14-ին Ճապոնիայում և ապրիլի 17-ին Էկվադորում գրանցված երկրաշարժի հետևանքների մասին:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ, կնկատվի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Տեղումներ են սպասվում միայն ապրիլի 22-ին:
ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց, որ մեկնարկել է կարգավար-օպերատորների երրորդ ավարտական փուլը, որից հետո մասնակիցները կստանան համապատասխան որակավորում:
ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանը զեկուցեց, որ նախարարի հանձնարարականով՝ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը եղել է Տավուշի մարզի բոլոր 9 սահմանամերձ համայնքներում, քաղպաշտպանությանն ուղղված շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի օպերատիվ կառավարման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Ավետիսյանը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։
Սյունիքի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Բ. Զաքարյանը հայտնեց նաև, որ մարզի 14 սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ անցկացվել են քաղաքացիական պաշտպանության թեմայով դասընթացներ:
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 51 դեպք, ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով:
Նախարար Ա. Երիցյանը ևս մեկ անգամ նշեց, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻՆ-ն ամեն ինչով կաջակցի ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների ծառայությանը: